Ալիևը կրկին խոսում է Հայաստան «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Անհրաժեշտ է ապահովել Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձն ու ձեռնարկել քայլեր՝ հայերի կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավունքի շրջանակներում գնահատելու համար», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ դիմելով Բաքվում անցկացվող միջազգային համաժողովին։

Ուղերձում Իլհամ Ալիևը կրկին պնդել է, թե ադրբեջանական ժողովուրդը՝ իր «պետականության և մշակույթի հին պատմությամբ», վերջին երկու դարերի ընթացքում «տեղահանվել է հայրենի հողից, ցեղասպանության ենթարկվել»՝ ապաստան գտնելով Ադրբեջանում։

«Հայաստանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը լեռնային շրջաններից դեպի ավելի տաք կլիմայական գոտիներ, տարիների ընթացքում ձեռք բերված ունեցվածքի յուրացումը պատմական փաստեր են, որոնք այժմ ապացուցվում են հուսալի փաստաթղթերով», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը՝ հավելելով, թե այժմ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում «Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձն ապահովելու համար»:

Ընդգծելով, որ Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը օրինական պահանջ է, Ադրբեջանի առաջնորդը հավելել է՝ դա կարևոր է նաև խաղաղության՝ երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և փոխըմբռնման հասնելու համար։ Ի դեպ, համաժողովն անցկացվում է «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» խորագրի ներքո։

«Մենք հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը, և մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ», - հայտարարել է Ալիևը։ Վերադարձից բացի նա պահանջել է նաև սկսել «մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության գործընթաց՝ միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ»: «Վերադարձի իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Միաժամանակ, Ալիևը հարկ է համարել դրվատել «Արևմտյան Ադրբեջան» համայնքի՝ «տեղահանություններից և կոտորածներից անմիջականորեն տուժած մարդկանց զուսպ և կառուցողական մոտեցումը», պնդելով, թե նրանք բաց են հաշտեցման համար, հարգում են պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ավելի վաղ Ալիևը քանիցս հայտարարել էր, թե Հայաստանի տարածքից տեղահանված ադրբեջանցիները պիտի վերադառնան ոչ թե պատերազմով, այլ՝ խաղաղ ճանապարհով։ Այսօր նա կրկին հույս է հայտնել, թե «առաջիկա քննարկումները կնպաստեն մեր հայրենակիցների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձին հայրենի հողեր և կարևոր քայլ կլինեն հաշտեցման և խաղաղության ուղղությամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը կրկին խոսել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասինԲաքվում ոչ միայն չեն հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» քննարկումներից, այլև պատրաստվում են ավելացնել դրանք «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Բրյուսելում «վերադարձի իրավունքի» հարցերով կոնֆերանս է կազմակերպել«Ալիևի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյանը հակադարձում է Ալիևին«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կապ չունի Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի հետ». Ազիզ Ալեքբարլի«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը