Ալիևի թիկնապահները ԱՄՆ-ում ծեծել են Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարարներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող բողոքի ցույցի մասնակիցներին, պատմում են ցուցարարները:

Ալիևը Վաշինգտոնում էր՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» նիստին: Ըստ տարածված տեսանյութերի՝ ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարները հավաքվել էին այն հյուրանոցի առջև, որտեղ, ըստ տեղեկությունների, Ալիևն է եղել: Ցուցարարները հյուրանոցի առջև վանկարկում էին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»:

Բողոքի ցույցի մասնակիցները պնդում են, որ նախագահ Ալիևի թիկնապահները ֆիզիկապես հարձակվել են հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարների վրա: Ցուցարարների խոսքով՝ անվտանգության աշխատակիցները հրել, հարվածել և բռնի ուժով ցրել են մասնակիցներին։

Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցները հաղորդել են, որ ցուցարարները փորձել են անկարգություններ հրահրել և ներխուժել հյուրանոց. մեղադրանքներ, որոնք ցուցարարները հերքում են։

«Մենք միայն ուզում էինք խաղաղ բողոքի ակցիա անցկացնել և կոչ անել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ «Փոխարենը, նախագահի թիկնապահները հարձակվեցին մեզ վրա։ Նրանք պատռեցին իմ հագուստը, ոտքով հարվածեցին ինձ»,- պատմում է ցուցարարներից մեկը:

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց ադրբեջանցի ներգաղթյալների հետ կապված միջադեպը, հաղորդում է «Ազատության» Վաշինգտոնի թղթակիցը։

Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ երկրում ոչ ոք բանտարկված չէ քաղաքական գործունեության համար և նշում, թե հավաքների ազատությունը և այլ հիմնարար իրավունքները հարգվում են: Տեղական և միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հայտնում են, որ մինչև 400 քաղբանտարկյալ մնում է ճաղերի հետևում և պնդում են, որ խիստ սահմանափակված են քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքը կապվում է Էրդողանի թիկնապահների անվան հետ

Տարիներ առաջ էլ՝ 2017-ին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ցույցն ավարտվել էր արյունալի բախումներով: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված այդ միջադեպը տեղի էր ունեցել Էրդողան – Թրամփ հանդիպումից հետո: «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության տվյալներով, բախումների պահին Էրդողանը գտնվել էր դեսպանատանը: Թուրքական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել էին ինչպես էրդողանի ընդդիմախոսներ՝ այդ թվում հայկական, ասորական, հունական, քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ թուրքական իշխանությունների աջակիցներ: Վերջիններիս զայրացրել էին Էրդողանին և Թուրքիային քննադատող կարգախոսներն ու պաստառները: Համացանցում հայտնված տեսանյութերում երևում էր, թե ինչպես են Էրդողանի կողմնակիցները հարձակվել խաղաղ ցուցարարների վրա ու բռունցքներով, ոտքերով հարվածներ հասցրել նրանց: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պնդմամբ՝ հարձակվողները պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Էրդողանի անվտանգության ծառայությունից:

The Guardian թերթն էլ է գրում, որ հարձակվողները էրդողանի թիկնապահներն էին: