Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը պետք է լինի լիարժեք, հավասարազոր վեցակողմ համագործակցության հարթակ և չվերածվի հերթական «Մինսկի խմբի», ըստ ադրբեջանական Report-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջարկել է այդ ձևաչափը՝ որպես հետպատերազմյան համագործակցության մեխանիզմ, որը միտված է լիարժեք կարգավորման և երկրի ինքնիշխանության վերջնական վերականգնմանը։
Ալիևը նշել է, որ իրադարձությունների զարգացմանը և ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ արտաքին պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների փոփոխությանը զուգահեռ փոխվել է նաև Ադրբեջանի գնահատականը համագործակցության այս ձևաչափի վերաբերյալ։
«Այսօր՝ ներկա փուլում, կարևոր է, որ դա լինի լիարժեք վեցակողմ համագործակցություն։ Քանի դեռ Վրաստանը չի միացել, առնվազն հնգակողմ, սակայն շատ հստակ օրակարգով։ Կարևոր է, որպեսզի այս մեխանիզմը չվերածվի հերթական Մինսկի խմբի, որը կզբաղվի բացառապես ադրբեջանա-հայկական խնդիրներով»,- նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ ձևաչափը պետք է ներառի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ՝ «հավասարության սկզբունքով»։
Նրա խոսքով՝ հենց այս հայեցակարգն է Ադրբեջանն այսօր դիտարկում որպես հիմնական։ «Եթե նման մոտեցումն ընդունելի լինի նաև մյուս մայրաքաղաքների համար, ապա, կարծում եմ, առնվազն արտգործնախարարների մակարդակով հնգակողմ հանդիպման անցկացումը պահանջված կլինի»,- հավելել է Ալիևը։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը դեռևս անցյալ տարի լրատվամիջոցներին ասել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։
«Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- ԶԼՄ-ներին հայտնել էին ԱԳՆ-ից։
Մինչ օրս, սակայն, Երևանում կամ Բաքվում հարթակի հանդիպումը անցկացնելու մասին ստույգ տեղեկություն չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը կանցկացվի Երևանում կամ ԲաքվումՊաշտոնական Թբիլիսին պարբերաբար հայտարարում է, որ Վրաստանը չի մասնակցի այս ձևաչափով հանդիպումներին։ Մոսկվայից, սակայն, շարունակում են հայտարարել, թե «3+3» ձևաչափի դռները միշտ բաց են Վրաստանի համար։