Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկլավների հարցը փոխանակման միջոցով լուծելու հայտարարությանը, պարզաբանել է, թե դա ինչ է նշանակում:
«Քննարկում ենք, որ փոխանակենք:Դա է փոխանակումը, որ Քյարքին վերջնականապես վերածվի պայմանականորեն Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա իրենց: Ամբողջ խոսակցությունը դա է: Դա քննարկվում է, և դա հնարավոր է, բայց հավասարության բերելով էն քառակուսի կիլոմետրերը, որոնք որ համապատասխանում են: Որովհետև որքան ես գիտեմ էն 3 անկլավը և Արծվաշենը փոքր շեղում ունեն, Արծվաշենը մի քիչ ավելի փոքր է, քան էն 3-ը իրար հետ վերցրած», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Քարտեզագետների նախնական հաշվարկներով, Արծվաշենը 38-40 քառակուսի կիլոմետր է: Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլու-Բարխուդարլուն միասին 44-46 քառակուսի կիլոմետր: Ըստ այդմ, Ադրբեջանին վերադարձման ենթակա տարածքները մի փոքր ավելի մեծ են:
Հոկտեմբերի 14-ին վարչապետը հայտարարեց, որ անկլավ/էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ: Երեկ արդեն Փաշինյանը հստակեցրեց, որ անկլավ/էքսլավների մասին խոսելիս նկատի ունի հայկական վերահսկողության ներքո գտնվող Քյարքի [խմբ. Տիգրանաշեն], Բարխուդարլու, Սոֆուլու, Ասկիպարա և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշեն գյուղերը: Նիկոլ Փաշինյանը նաև նկարագրեց անկլավային գյուղերի «տեղաշարժման» տարբերակը:
Այսօր էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ անկլավների փոխանակման հարցում «չկա համաձայնություն»: