Ալեքսիևիչ. «Չեռնոբիլը միշտ մեզ հետ կլինի»

Բելառուսցի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչ, արխիվ

Չեռնոբիլի միջուկային աղետից 40 տարի անց Բելառուսը դեռևս մնում է «լաբորատորիա», որտեղ շարունակում են դրսևորվել ճառագայթման զանգվածային արտահոսքի երկարատև հետևանքները, «Ազատության» բելառուսական ծառայության հետ զրույցում ասել է Նոբելյան մրցանակակիր գրող Սվետլանա Ալեքսիևիչը: Չեռնոբիլի դասերը մոռացվում են, մինչդեռ ավելի շատ անձնական վկայություններ հավաքելու անհրաժեշտություն կա, հավելել է բելառուսցի գրողը:

« Չեռնոբիլը դեռևս մեզ հետ է։ Անհնար է մոռանալ այն, քանի որ ճառագայթման հետևանքները դեռ չեն վերացել՝ բազմաթիվ ռադիոնուկլիդներ դեռ մոտ հազար տարի ակտիվ կմնան», - ասել է նա՝ հավելելով․ - «Հիմա վկայությունների ժամանակն է, մենք պետք է վկայություններ հավաքենք»։

2015 թվականին գրականության Նոբելյան մրցանակի արժանացած Ալեքսիևիչը զրուցել է ավելի քան 500 ականատեսների հետ՝ իր՝ 1997 թվականի «Ձայներ Չեռնոբիլից» գրքի համար։ Գրքում ներկայացված պատմությունները լայնորեն օգտագործվել են HBO-ի՝ ողբերգության մասին պատմող 2019 թվականի մինի-սերիալում։

Ի՞նչ եղավ Չեռնոբիլում

Երբ 1986 թվականին Խորհրդային Միության Չեռնոբիլի ատոմակայանում միջուկային ռեակտոր պայթեց, այն ճառագայթում տարածեց շրջակա տարածքներում և ամբողջ Եվրոպայում։ Բելառուսն ամենաշատն էր տուժել՝ ստանալով սկզբնական ճառագայթահարման 60 տոկոսը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անցյալ տարվա զեկույցում նշվում էր, որ Բելառուսի տարածքի 23 տոկոսը աղտոտված է։ Այս տարածքի մի մասը դեռևս անմարդաբնակ մեկուսացված գոտում է, թեև իշխանությունները 2018-ին սկսեցին թույլատրել կազմակերպված զբոսաշրջային այցելություններ դեպի լքված գյուղեր։

Աղետի հետևանքների վերացման աշխատանքների վաղ փուլերում ներգրավված փրկարար և արտակարգ իրավիճակների ծառայությունների տասնյակ աշխատակիցներ մահացել են մի քանի շաբաթվա ընթացքում՝ ճառագայթային թունավորումից։

Երկարաժամկետ ուսումնասիրությունները, ի թիվս այլ տվյալների, վկայում են, որ այդ ժամանակ մանկական կամ պատանեկան տարիքում ճառագայթահարված մարդկանց շրջանում ավելի հաճախ է հայտնաբերվում վահանաձև գեղձի քաղցկեղ։

Ալեքսիևիչը, ում գիրքը ներառում է հիվանդության և մահվան բազմաթիվ անձնական պատմություններ, աղետի ժամանակ Մինսկում լրագրող էր աշխատում։

«Դա ինձ ցնցեց։ Կար մի զգացողություն, որ մեզ համար անհայտ մի բան է կատարվում», - վերհիշում է նա՝ հավելելով, որ նմանատիպ զգացողություններ է ունեցել 2011-ին Ֆուկուսիմա այցելելիս՝ այնտեղ տեղի ունեցած աղետից հետո։

«Մարդը ստեղծել է տեխնոլոգիաներ, որոնց հետ նա հավասար չէ. հավասար չէ հոգեբանորեն, հավասար չէ դրանց հնարավոր հետևանքների հաղթահարման առումով», - ասում է գրողը։

Ըստ Ալեքսիևիչի՝ սա ակնհայտ դարձավ նաև 2022 թվականին, երբ ռուսական զորքերը կարճ ժամանակով օկուպացրել էին Ուկրաինայի տարածքում գտնվող Չեռնոբիլը. - «Երբ ռուսները գրավեցին Չեռնոբիլը, նրանք ստիպեցին իրենց զինվորներին խրամատներ փորել ատոմակայանի մոտ։ Եվ մեկ շաբաթ անց այդ բոլոր զինվորները արդեն հիվանդանոցում էին»։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը 2023 թվականին հաղորդել է, որ ռուս զինվորների մոտ բշտիկներ էին առաջացել, և նրանք փսխում էին ռադիոակտիվ հողում խրամատներ փորելուց հետո։

«Երբ մի գեներալի հարցրել են, թե ինչու է նա հրամայել անել դա, նա պատասխանել է. - «Դե, անցել է 20 կամ 30 տարի»։ Նա նույնիսկ ճշգրիտ չգիտեր, թե որքան ժամանակ է անցել։ Չեռնոբիլի աղետի հետևանքների տևողությունը հավասար է գուցե 50 մարդկային սերնդի կամ նույնիսկ ավելիի։ Դա չի տեղավորվում սովորական մարդու գիտակցության մեջ», - ասում է Ալեքսիևիչը։

Մարդկային «սև արկղեր»

Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ ամենաաղտոտված վայրերը հազարավոր տարիներ անվտանգ չեն լինի մարդու բնակության համար։ Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Բելառուսի բնակչության ավելի քան 12 տոկոսը ապրում է աղետից տուժած տարածքներում։

Ալեքսիևիչի բնորոշմամբ՝ այս մարդիկ «սև արկղեր են, որոնք գրանցում են տեղեկատվություն ապագայի համար»՝ աղետի հետևանքների վերաբերյալ:

Այժմ 77 տարեկան Ալեքսիևիչը 2020 թվականին լքել է Բելառուսը՝ արտասահմանում բուժում ստանալու նպատակով։ Դա մի ժամանակահատվածն էր, երբ Բելառուսում տեղի էին ունենում զանգվածային բողոքի ցույցեր՝ լայնորեն կեղծված համարվող ընտրություններից հետո։ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի քննադատությամբ հայտնի գրողը ցավում է, որ այդ ժամանակից ի վեր չի կարողացել վերադառնալ տուն:

«Ես կմեկնեի այն վայրերը, որտեղ մարդիկ ապրում են «Չեռնոբիլի լաբորատորիայում»: Ես կխոսեի նրանց հետ, թղթին կհանձնեի այն, ինչ կատարվում է նրանց հետ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է», - ասում է նա:

««Բայց մենք գիտենք, որ լրագրողների և գրողների հնարավորությունները տոտալիտար համակարգերում շատ սահմանափակ են», - միաժամանակ ընդգծում է Նոբելյան մրցանակակիր գրողը: