Ալավերդու 6 մանկապարտեզների գործը՝ նորից ուշադրության կենտրոնում

Մանկապարտեզ, արխիվ

Ալավերդիում 20 տարի առաջ չնչին գներով օտարված 6 մանկապարտեզների պատմությունը նորից ուշադրության կենտրոնում է։

Գլխավոր դատախազությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տալիս ապօրինի մասնավորեցված գույքը համայնքին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ մասին կից հաղորդագրության մեջ է նշված:

Այս մանկապարտեզների օտարման մասին առաջին անգամ 7 տարի առաջ էին հայտարարություններ եղել։ Այն ժամանակվա Լոռու մարզպետ, ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանը սուր քննադատել էր Ալավերդու նախկին իշխանություններին:

«Համայնքը պետք է շահագրգռված լինի, որ իր գույքը վաճառի շուկայական գնով կամ մի փոքր բարձր գնով, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ շատ ծիծաղելի գներով օտարվել են համայնքին պատկանող գույքը: Սա չի կարող անհետևանք մնալ. բոլոր այն պաշտոնյաները, որոնք եղել են քաղաքապետարանում կամ այլ վայրերում և նպաստել են այս գործընթացին, պետք է պատասխան տան օրենքի առաջ, դա միանշանակ», - նշել է Ղուկասյանը:

Դատախազության դեռ 7 տարի առաջվա տվյալներով՝ 2003-2005 թվականներին քաղաքապետարանի պաշտոնյաները կեղծ եզրակացություններով 6 մանկապարտեզի չգործող շենքերն օտարել են իրենց մերձավորներին։

«Ազատությունը» պարզել էր, որ 730 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզներից մեկը ձեռք էր բերել քաղաքապետարանի ֆինանսական բաժնի նախկին պետ Սամվել Աբելյանի կինը՝ մեկ քառակուսի մետրը մոտ 1000 դրամով։ Մեկ այլ՝ ավելի քան 3000 քառակուսի մետր մակերեսով եռահարկ անավարտ մանկապարտեզի սեփականատերը նախկին քաղաքապետ Սասուն Խեչումյանի ընտանիքն է։ Շենքը գնվել էր 1.5 միլիոն դրամով այն ժամանակ, երբ Խեչումյանը քաղաքապետարանի իրավաբանն էր:

Ալավերդիում ահռելի շինությունների սեփականատեր դարձած պաշտոնյաները միաժամանակ աճուրդային հանձնաժողովի նախագահ են եղել: Տարիներ առաջ նրանք պնդում էին, թե գործարքներն օրինական են եղել։

Սամվել Աբելյանն «Ազատության» ռեպորտաժի հրապարակումից հետո Ֆեյսբուքում անգամ ձեռագիր մի գրություն էր հրապարակել, որտեղ սպառնում էր՝ դատի տալ զրպարտության համար. «Ո՞վ է թույլատրել Ձեզ, որպես պաշտոնատար անձ, առանց հիմնավորումների, մեղադրանքներ նետել և ցեխ շպրտել Ալավերդի համայնքի տարբեր ժամանակների ժողովրդի կողմից ընտրված ավագանիների, համայնքի ղեկավարների և քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաների վրա՝ համարելով նրանց արածը հանցագործություն և չարաշահում»:

Սամվել Աբելյանը ոչ դատարան դիմեց, ոչ էլ ինքը կանգնեց դատարանի առաջ: Յոթ տարի անց Քննչական կոմիտեն միայն հայտնում է, թե նշանակվել է փորձաքննություն՝ առանց հստակեցնելու՝ ի՞նչն են փորձաքննում՝ շինությունները, թե՞ փաստաթղթերը: Փոխարենը դատախազությունը հայտարարում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման նոր հայցերի նախապատրաստման մասին:

Հատկանշական է, որ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը դատախազության քննության առարկա դարձած նախկին մանկապարտեզների մասին տեսանյութում չկա։ Նա սոցցանցերում հրապարակել է մեկ այլ տեսանյութ, որտեղ գլխավոր դատախազի հետ շրջում է Ալավերդիում, բայց գրեթե մեկ րոպեանոց տեսանյութում նախկին մանկապարտեզները չեն երևում:

Հարցը, թե ինչո՞ւ 7 տարվա ընթացքում քրեական վարույթով որևէ առաջընթաց չգրանցվեց, մնում է անպատասխան։ Փաստ է, սակայն, որ թեման ակտիվացել է Ալավերդիում սպասվող տեղական ընտրություններից առաջ: