«Ալաշկերտը»՝ Կլուժում. «Կոնին դրված է հաջորդ փուլի ուղեգիրը»

«Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը Երևանում, 23-ը հուլիսի, 2026թ.

Եվրագավաթային ուղին «Ալաշկերտը» շարունակում է Ռումինիայի ութակի չեմպիոն ՉՖՌ Կլուժի հետ։ Առաջին խաղը Երևանում ավարտվեց ոչ-ոքի, այժմ Կլուժ-Նապոկա քաղաքում կորոշվի այս դիմակայության հաղթողը։

Ռումինիայում նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Ազատության» հարցին ի պատասխան «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ասաց՝ ակնկալում են, որ այսօր ավելի լավ են խաղալու, քան Երևանում։

«Այո, թիմը պատրաստ է։ Ամենակարևորը մենք տեսնում ենք, որ խաղից խաղ պրոգրես կա։ Այսինքն՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք ու միանշանակ պետք է ակնկալենք, որ այսօր ավելի լավ ենք խաղալու, քան Երևանում։
Կլուժը բավականին փորձառու, որակյալ թիմ է։ Կոնի վրա հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրն է դրված։ Հետևաբար՝ մենք իրավունք չունենք պատրաստվենք մի ձևի»։

Ռումինական Կլուժի հետ Երևանում կայացած խաղից հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանն ասաց՝ ծանր խաղ էր, բայց պատրաստ են պատասխան հանդիպմանը։

«Իրոք ծանր էր առաջին հանդիպումը, բայց ժամանակ ունեինք, հասցրել ենք վերականգնվել, վերլուծել խաղը, ինչ շտկելու բան կար, շտկել ենք։ Լիովին պատրաստ ենք պատասխան հանդիպմանը»։

Ինչը կարող է որոշիչ լինել ռումինական Կլուժի դեմ խաղում, ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի խոսքով.

««ՉՖՌ Կլուժը» այս պահին լուրջ խնդիրներ ունի, դա մենք տեսանք նաև Երևանում կայացած առաջին խաղում։ Չնայած ոչ ոքիին, կարծում եմ՝ պատասխան խաղում կարելի է այդ հաջողությունը զարգացնել։ Հասկանալի է՝ «Կլուժը» փորձառու կազմ ունի, խաղալու է իր երկրպագուների ներկայությամբ, բայց այս «Ալաշկերտը» ապացուցել է, որ նաև արտագնա խաղերում կարող է մրցունակ լինել։ Ինձ թվում է՝ լավ շանս է օգտվելու «Կլուժի» ներկայիս վիճակից և շրջանցելու նրան»։