«Ալ-Քաիդայից» մինչև միայնակ գայլեր և ԱԲ. ինչպե՞ս է ահաբեկչությունը փոխվել սեպտեմբերի 11-ից հետո

«Ալ-Նուսրա ճակատի» անդամները Հալեպի ծայրամասում գտնվող դիրքում: Նրանցից մեկի (կենտրոնում) բաճկոնին «Ալ-Քաիդայի» դրոշն է, արխիվային լուսանկար:

Ֆարհադ Ն.-ն ընդամենը մի քանի ամսական էր, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին առևանգված ինքնաթիռները դիտավորյալ բախվեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշխատարկներին: Սա մեկն էր Միացյալ Նահանգների վրա իրականացված հարձակումներից, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին։

Քսանհինգ տարի անց նա դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ Մյունխենում Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով մարդկանց բազմության մեջ մխրճվելու համար, ինչի հետևանքով սպանվեց երկու, վիրավորվեց մի քանի տասնյակ մարդ:

Քսանհինգամյա աֆղանցու պատմությունն ընդգծում է, թե ինչպես է աշխարհը փոխվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, մինչ անընդհատ փոփոխվում է թե՛ ահաբեկչական սպառնալիքի, և թե՛ հակաահաբեկչական գործողությունների բնույթը։

Your browser doesn’t support HTML5

After Car Attack In Munich, Germans And Migrants Warn Of Political Fallout

Սեպտեմբերի 11-ի հարձակումները ծրագրել էր «Ալ-Քաիդան», որը գլխավորում էր սաուդցի միլիոնատեր Ուսամա բեն Լադենը: «Ալ-Քաիդային» այդ ժամանակ Քաբուլում ապաստան էր տվել «Թալիբան» շարժումը, որն իշխանության էր երկրում, իսկ հետագայում կորցրեց իշխանությունը:

Դրանից հետո Ֆարհադ Ն.-ն, որի ազգանունը կրճատված է՝ Գերմանիայի տվյալների անձնական գաղտնիության պահանջներին համապատասխան, մեծացավ մի երկրում, որտեղ ԱՄՆ գլխավորած միջազգային ուժերը 20 տարի պայքարում էին «Թալիբանին» զսպելու համար։

Ավելի ուշ նա հայտնվեց հարյուր հազարավոր աֆղանցիների շարքերում, որոնք լքեցին իրենց երկիրը՝ Եվրոպայում խաղաղություն և բարգավաճում փնտրելու համար, սակայն արմատականացման ենթարկվեց առցանց քարոզչության շնորհիվ, որն իր հայրենի Աֆղանստանից իրականացնում էին իմամները:

Ֆարհադը որևէ կապ չուներ որևէ կոնկրետ խմբի հետ և, կարծես, գործում էր բացառապես սեփական նախաձեռնությամբ։

«Նախկինում այս մարդկանց անվանում էինք միայնակ գործողներ կամ միայնակ գայլեր։ Սա է ապագան», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ամերիկացի նախկին դիվանագետը, որն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մեծ փորձ ունի:

«Ոչ ոք կարիք չունի որևէ խմբի մաս կազմել... Նրանք կարող են ոգեշնչվել որևէ խմբից, նրանք կարող են ոգեշնչվել բազմաթիվ խմբերից»,- ասել է նախկին դիվանագետը, որը խնդրել է անանուն մնալ: Նա հավելել է, որ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում առաջընթացն ավելի է սրում ահաբեկչական սպառնալիքների զարգացման «բեկումնային կետը»։

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է մի շարք փորձագետների հետ այն մասին, թե ինչպես են 25 տարի առաջ գոյություն չունեցող տեխնոլոգիական միջոցները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը, ԱԲ-ն և սոցիալական ցանցերը, բոլորովին նոր և ավելի վտանգավոր միջավայր ստեղծում։

«Մենք սկսում ենք աստիճանաբար ավելի շատ առցանց ներկայություն տեսնել։ Մենք ականատես ենք լինում, որ ինֆլուենսերներին ավելի շատ են օգտագործում … Ահաբեկչական ասպարեզում մեզ համար սովորական դարձած գործող անձանցից բացի, ունենք նաև միայնակ գործողներ, նրանք, ովքեր ազդեցության են ենթարկվում»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է թոշակի անցած ամերիկացի գեներալ Ջոզեֆ Վոտելը։

2001 թվականի հոկտեմբերին՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ընդամենը մի քանի շաբաթ անց, Վոտելը գլխավորել է Քանդահարում թալիբների դիրքերի գրավման ամերիկյան զորքերի պարաշյուտային գործողությունը։ Հետագայում նա կարևոր դեր է խաղացել, այսպես կոչված, «Ահաբեկչության դեմ պատերազմում», ծառայել է նաև Իրաքում և համակարգել «Իսլամական պետության» զինյալների դեմ գործողությունները։

«Ահաբեկչական այս կազմակերպությունները գոյատևել են։ Նրանք շարունակում են հարմարվել որքան կարողանում են ... նրանք ավելի զարգացած են դարձել,- ասում է նա,- Միջավայրն այժմ շատ ավելի բարդ է անվտանգության մասնագետների համար»։

«Նախկին սերնդի ահաբեկիչները»

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո «Ալ-Քաիդայի» դեպքում պատմությունն այսպիսին է. Սոմալիում «Ալ-Շաբաաբի» և Արևմտյան Աֆրիկայի Սահել շրջանում «Ջամաաթ ալ-Իսլամ ալ-Մուսլիմինի» նման խմբավորումները միացան «Ալ-Քաիդայի» հետ՝ իրենց լոկալ նպատակները կապելով նրա հետագա գլոբալ հարձակումների ձգտումների հետ։

Այս ցրված կառուցվածքը «Ալ-Քաիդային» հնարավորություն տվեց գոյատևել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը հաջորդած ամիսներին ԱՄՆ զինուժը ծանր հարվածներ հասցրեց դրա ղեկավարությանը և շարժմանը զրկեց Աֆղանստանում անվտանգ ապաստաններից։

ԱՄՆ-ի Հակաահաբեկչական նոր ռազմավարությունը, որը հրապարակվել է մայիսին,

«Ալ-Քաիդան» և «դրա ամենադաժան ենթախումբը՝ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» գլխավորում են այսպես կոչված «նախկին սերնդի իսլամիստ ահաբեկիչների» ցուցակը։

Անցած ամիս հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ենթախումբը նկարագրվում է որպես համաշխարհային «Ալ-Քաիդա» շարժման «առաջամարտիկը»։

Վերջին տարիների հետազոտությունները բացահայտել են, թե ինչպես են «Ալ-Քաիդայի» հետ կապված կազմակերպությունները համակարգում ֆինանսավորումն ու ուսուցումը: Օրինակ՝ անցյալ տարի ՄԱԿ-ի դիտորդները նշել են դեպքը, երբ «Ջամաաթ ալ-Իսլամ ալ-Մուսլիմին» խմբավորումը 50 միլիոն դոլարի միանվագ փրկագին է ստացել, ինչն այն կիսել է «Ալ-Քաիդան Իսլամական Մաղրիբիի երկրներում», Եմենում գործող «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» և «Ալ-Քաիդայի Հարավային Ասիայի ավագ առաջնորդներ» ենթախմբերի հետ:

Նրանք նաև ակտիվացնում են առցանց հաղորդակցությունը։

«Աֆղանստանից [ԱՄՆ] զորքերի դուրսբերումից մինչև առ այսօր Եմենում «Ալ-Քաիդայի» քարոզչությունը կտրուկ աճել է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք ավելի շատ նյութեր են հրապարակել, քան ես», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սառա Հարմուշը, որն ահաբեկչության ոլորտի փորձագետ է և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Սահմանային անվտանգության ինստիտուտի և «Ծայրահեղականության դեմ պայքարի» ծրագրի գիտաշխատող։

«Մի քանի ամիս առաջ «Ալ-Քաիդան Եմենում» ենթախումբը հայտարարություններ և տեսանյութեր էր տարածում, որոնք միայնակ գայլերի հարձակումներ էին հրահրում՝ կոչ անելով Արևմուտքում գտնվող անհատներին հարձակումներ իրականացնել ԱՄՆ տարածքում և Եվրոպայում», - ասել է նա։

Գործել կուրորե՞ն

Այս արագ փոփոխվող միջավայրում մեկ այլ խնդիր է ի ծագում՝ ահաբեկչության դեմ պայքարի կարողության կորուստը։

«Մենք գործում ենք կուրորեն։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում… մենք կորցրել ենք մարդիկ և փող», - ասել է նախկին դիվանագետը՝ հավելելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունը սրել է իրավիճակը։

«Մենք այժմ գտնվում ենք հոկտեմբերի 7-ի [2023-ի «Համասի» կողմից Իսրայելի վրա հարձակման] հետևանքների և Իրանի հետ շարունակվող պատերազմի կիզակետում,- նշել է նա,- Մենք կորցրել ենք բազմաթիվ լավ մասնագետների, որոնք տեղում աշխատելու փորձ և ինստիտուցիոնալ գիտելիքներ ունեին»։

Սեպտեմբերի 2-ին Ջորջ Վաշինգտոնի համալսարանում կայացած վեբինարի ժամանակ նմանատիպ մտահոգություններ են հայտնել ահաբեկչության դեմ պայքարի այլ առաջատար փորձագետներ։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Թոմ Սանդերսոնը նշել է «ահաբեկչության, բյուջեի և անձնակազմի վրա ուշադրության նվազման» մասին, իսկ Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Բրյուս Հոֆմանը խոսել է աշխատակիցների «արտահոսքի» մասին Պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյից, որը անցյալ տարի կառուցվածքային փոփոխություններ եղան։

Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը դեռ չեն մեկնաբանել այս հոդվածում բարձրացված հարցերը: Ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորումը սկսել է նվազել 2018 թվականի առաջնահերթությունների վերանայումից հետո, իսկ այդ կրճատումների տեմպն արագացել է 2025 թվականից ի վեր:

ԱՄՆ-ի հակաահաբեկչական ռազմավարությունում նշվում է, որ «հետախուզական համայնքը չի արդարացրել մեր երկրի սպասելիքները, քանի որ այն խրված է սպառնալիքների գնահատման հնացած մոտեցումների մեջ»։

Վաշինգտոնում գործող մեկ այլ վերլուծական կենտրոնի՝ CAN-ի գլխավոր գիտաշխատող Ջոնաթան Շրոդենը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ վերջին տարիներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել քաղաքականությունում:

«Մեր նպատակները փոխվել են և այս խմբերին լիակատար պարտության մատնելու նպատակից անցել ենք դրանց ներկայացրած սպառնալիքի արդյունավետ կառավարմանը ... ապահովելով, որ այդ սպառնալիքը հեռու պահենք Միացյալ Նահանգների տարածքից»,- ասել է նա։

«Կարծում եմ՝ վերջին հինգից յոթ տարիների ընթացքում ԱՄՆ-ում գործող ներկայիս կառուցվածքը մեծապես արդյունավետ է եղել այս հարցում»,- հավելել է նա։