Ակտիվիստին 25-օրյա վարժական հավաքի են կանչում, նա դա «վերևից հրահանգ» է համարում

Նորից վարժական հավաքի են կանչում, նորից ընտրություններից առաջ, ահազանգում է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ ի սկզբանե շեշտելով՝ այնպես չէ, որ այդ հավաքներից խուսափում է։

«Պատիվ է հավաքներին մասնակցելը, ես չեմ խուսափում, ծառայել եմ 18 տարեկանս լրանալուն պես Արցախում, ուղղակի ցավալին այն է, որ պետական կառույցի օղակները, այդ թվում՝ ՊՆ-ն, քաղաքական նկատառումներով են օգտագործում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Չախոյանը երևանյան խնդիրների վերաբերյալ պարբերաբար վիդեոահազանգեր է տեղադրում սոցցանցի իր էջում՝ ասֆալտ է առանց բիտումի, բարեկարգված այգիներում սալիկներն են պոկվում առանց ջանքի, բենզալցակայաններ՝ խախտումներով։ Նա նաև պարբերաբար հայտնվում է սկանդալների էպիկենտրոնում, բռնության ենթարկվում, այդ ամենը կապում իր գործունեության հետ։ Եվ ահա անցած շաբաթ զանգ է ստացել զինկոմիսարիատից ու անմիջապես ներկայացել:

«Բառացի ինձ ասել են, որ Ձեր տվյալներն անվանական են եկել, որ 25-օրյա վարժական հավաքներին ուղարկենք: Այդ ամենի նպատակն է ընտրությունների նախաշեմին ինձ վրա ճնշում գործադրելով լռեցնել», - վստահ է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չախոյանն ահազանգում է «հերթական կոռուպցիոն գործարքի» մասին, քաղաքապետարանում դա զրպարտություն են որակում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վեճ, ծեծ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում՝ թաղապետի մասնակցությամբ

Նոր Նորքի զինկոմիսարիատի աշխատակիցն է ասել։ Հետաքրքիր է համարում այն, որ իրեն գրավոր ծանուցում չեն ուղարկել, կանչել ու բանավոր են ասել, որովհետև կարծում է՝ զինկոմիսարիատում էլ են գլխի ընկել, որ օրենքի խախտում է։ Բանն այն է, որ Չախոյանը երկու գործով մեղադրյալ է, շուտով մի այլ գործով էլ, վստահ է, իրեն մեղադրանք կառաջադրվի։ Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով մեղադրյալներին վարժական հավաքի չեն տանում։

Չախոյանի խոսքով՝ իրեն լռեցնելու բազմաթիվ փորձեր են եղել՝ մահափորձ, ձերբակալություն, քրեական տարբեր գործեր, բայց ինքը չի լռել, հիմա էլ 25-օրյա վարժական հավաքի մեթոդն են փորձում. «Կարծում են, թե իբրև թե ես պետք է վախենայի և առևտրի գնայի իրենց հետ՝ «կլինի, ինձ չտանեք, սուս կմնամ ընտրության շեմին» և այլն»:

Չախոյանին այդ ժամանակ եռամսյա վարժական հավաքի էին կանչել նաև 2023-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ Պատմում է՝ այդ ժամանակ էլ անհեթեթ իրավիճակ ստեղծվեց, որովհետև Հայաստանի քաղաքացի չէր, անցյալ տարի է քաղաքացիություն ստացել։ Նորից է շեշտում՝ զինվորական վարժանքներից չի խուսափում, անընդունելի է համարում այն մահակ դարձնելը քաղաքական նպատակներով. «Լավ հասկանում եմ, որ այդ ամենը վերևներից հրահանգավորված է եղել»:

Ո՞վ է հրահանգ տվողը. Չախոյանը ենթադրում է՝ այս ամենը կապ ունի իր վերջին տեսանյութերից մեկի՝ Եռաբլուրի ճանապարհի հետ։ Այն անցյալ տարի նորոգվել, սալիկապատվել է ու հիմա քանդվում է ձեռքի մեղմ շփումից։

Պաշտպանության նախարարությունից առայժմ մեկնաբանություն չենք ստացել Չախոյանի ահազանգի վերաբերյալ, բայց երեկ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում այս մասին բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավորներից Գեղամ Մանուկյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ նույնիսկ ակադեմիական թատրոնի ֆագոտ նվագող միակ երաժշտին են հավաքի տանում, ի՞նչ կա։

«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը տարակուսեց՝ վարժական հավաքի անունը լսում ու հետապնդում են համարում ընդդիմադիրները. «Նոր ընդդիմադիր սերունդ է դուրս եկել, որը շատ խառը վերաբերմունք ունի զինվորական ծառայության նկատմամբ, ու որ զինվորական ծառայության կամ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում: Բոլորիս պարտքն է, ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք»:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց՝ օրենքն արգելում է այդ մարդուն հավաքի կանչել: «Քրեական գործով անցնում է, այսինքն՝ ոչ թե այդ մարդու հավաքի տանել-չտանելու հարցն է, այլ կանոնակարգումն է»:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը քննարկմանը հետևեց ու չարձագանքեց ոչ մի բառով։