Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում ավելի քան մեկ ամիս տևած գործադուլն ավարտվեց։ 50 հանքափորներ այսօրվանից վերադառնում են ստորգետնյա հանքախորշեր։ Լոռու մարզպետարանում տեղի ունեցած բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել՝ անհատական պլանի կատարման դեպքում աշխատողները կստանան 20 տոկոս հավելավճար։
Հանքափոր Արշալույս Մատինյանը փաստում է՝ սա երկկողմանի զիջումների արդյունք է։
«Մարզպետարանում ենք համաձայնության եկել մենք, որ 15 օրվա մեջ մեզ նոր պայմանագրերը իրանք բան կանեն, ու անհատական պլան տալու դեպքում, քո գործը կատարելու դեպքում 20-ից 30 տոկոս պրեմիա են տալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մատինյանը:
Պայմանագրերում, ըստ հանքափորի, փոփոխություն է արվելու, «որ եթե անհատական պլանը կատարել եք, 20 տոկոս հավելավճար, էլի»:
«Հիմա կարո՞ղ ենք ասել, որ ձեր պահանջները գոնե մի մասով արվել են, թե՞ ամբողջությամբ են արվել, ո՞նց կարող ենք ձևակերպել», - այս հարցին Մատինյանն արձագանքեց. - «Հա, մի մասով արվել են, մի քիչ մենք հետքայլ, մի քիչ իրենք, ու տենց էդ հարցը լուծեցինք, կոմպրոմիսի եկանք»։
50 հորատող բանվորներն այս ծայրահեղ քայլին դեռ տարեսկզբին էին դիմել, երբ տեսան, թե ինչպես է միջազգային շուկայում պղնձի գինը թռիչքաձև աճում, մինչդեռ իրենց աշխատավարձը նույն «ստորգետնյա» մակարդակին է։ Տնօրինությունը պահանջին կոշտ արձագանքեց, 50 հոգու միանգամից աշխատանքից ազատման ծանուցումներ ուղարկեց ու փորձեց նրանց փոխարինել նոր կադրերով, սակայն հանքի ծանր պայմաններին սովոր բանվորների տեղն այդպես էլ թափուր մնաց։
Անհամեմատ ցածր վարձատրության ու անմարդկային պայմանների դեմ ըմբոստացած հանքափորներն ամեն առավոտ հավաքվում էին կոմբինատի դարպասների մոտ՝ անդրդվելի մնալով իրենց պահանջում:
«Մենք ուզում ենք ընդամենը մեր աշխատավարձը վերանայենք, 20 տոկոս բարձրացում ենք ուզում», - ասում էին նրանք, - «էնքան սպասելու ենք, մինչև մեր գումարն ավելացնեն, մեր աշխատավարձը»։
Քանի դեռ տեղական մակարդակում պատնեշն անհաղթահարելի էր, իսկ Կառավարությունը՝ լուռ, հանքափորներն ավելի հեռուն գնացին, հայտարարեցին, թե պատրաստվում են իրենց բողոքի ձայնը հասցնել Երևան՝ ուղիղ Կառավարության շենքի մոտ։ Ընտրությունների նախաշեմին հնչած հենց այս հեռանկարն էլ շրջադարձային եղավ, ու պատասխանատուներ վերջապես արձագանքեցին։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն իր մոտ հրավիրեց թե՛ գործադուլավորներին ու թե՛ ընկերության ղեկավարներին։
«Մարզպետը զանգել էր, տղերքից մեկին ասել էր, որ ինքը ուզում ա հանդիպի մեր հետ։ Ինքը իրանց ասել ա, որ տեղյակ չեն էղել, էլի: Հա, որ գնալու ենք Կառավարության շենքի մոտ, ինքը իմացել, լսել ա էդ զրույցը, ուզել ա, որ հանդիպենք», - փոխանցեց Արշալույս Մատինյանը:
«Այսինքն՝ արձագանքեց մարզպետը միայն այն ժամանակ, երբ որ դուք ասացիք, որ ցույցի եք գնալու Կառավարության շենքի մոտ», - այս դիտարկմանը հանքափորն արձագանքեց. - «Հա, հա»։
2019 թվականից Ախթալայի հանքարդյունաբերական կոմբինատի միանձնյա սեփականատերը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: