Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության» մասին։
Հայտարարությունում, որը հրապարակել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, մասնավորապես ասված է. - «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»:
Այդ գործողությունները, ըստ ԱՀԾ-ի, «ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
Հայտարարությունը փաստեր չի ներկայացնում, չի մանրամասնում՝ որ երկրի մասին է խոսքը և ինչ քայլեր են ձեռնարկվում: