ԱՀԾ հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հայաստանի քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության մարտի 10-ի հայտարարության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

ՔԿ-ն նշում է, որ ԱՀԾ հայտարարության վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունից ստացված հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ օպերատիվ-հետախուզական լիազորությունների իրականացման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից, նյութապես շահագրգռելու եղանակով, խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը»:

«Այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այլ երկրի խոշոր գործարարներ, հայկական համայնքի ղեկավար անձինք, քրեական հեղինակություններ, ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած՝ կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն՝ դրա դիմաց խոստանալով տարբեր պատրվակներով կազմակերպել այլ երկրից ՀՀ տեղափոխելու գործընթացը, փոխհատուցել ճանապարհածախսն ու հոգալ ՀՀ-ում գտնվելու կացության ծախսերը՝ այդ կերպ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով անձանց հարկադրելով մասնակցել ընտրությանը», - մանրամասնում է Քննչականը:

Քրեական վարույթը Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նյութապես շահագրգռելով ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը», և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով», հատկանիշներով:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու ուղղությամբ», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ հորդորելով ձեռնպահ մնալ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելուց և զգուշացնելով, որ «օրենքով թույլատրված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ՝ չեզոքացնելու հնարավոր հանցավոր դրսևորումները»:

Ինչպես Արտաքին հետախուզական ծառայությունը, Քննչական կոմիտեն նույնպես իր հաղորդագրությունում չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը:

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել և այդ նպատակով Անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում գործադրելով հայ գործարարների վրա, փորձում է Ռուսաստանից շուրջ 80 հազար ընտրող բերել Հայաստան՝ հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, ինչպես նաև 100 հազար ռուբլի ընտրակաշառք է խոստանում:

Հասարակական կազմակերպությունն այդ հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փորձ է արվում շուրջ 80 հազար ընտրող բերել՝ 100 հազար ռուբլի ընտրակաշառքով». հաղորդում ФСБ-ի դեմՈ՞ր երկրում են ճնշում հայ գործարարներին, որ աջակցեն ինչ-որ ուժերի. հետախուզական տվյալներն ու անպատասխան հարցերըՔԿ-ն ուսումնասիրում է այլ երկրում ընտրական գործընթացներին միջամտության մասին ՆԳՆ-ի հաղորդումըԱՀԾ-ն հայտարարում է այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացներին միջամտության մասին