Ահմեդ Դավութօղլուն հեռանում է ակտիվ քաղաքականությունից, «Ապագայի կուսակցությունը» լուծարվում է

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից և լուծարում է իր ընդդիմադիր «Ապագայի կուսակցությունը»։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի մտերիմ դաշնակիցը պնդել է՝ այլևս չի ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել։

Երեկ ուշ երեկոյան X-ում հրապարակված հայտարարության մեջ Դավութօղլուն վկայաբերել է ընդդիմադիր քաղաքապետերի ազատազրկումը՝ կոռուպցիայի մեղադրանքներով, նրանց փոխարեն պետական կառավարիչների նշանակումը, պնդելով, որ դա խաթարել է ընտրողների կամքը։

«Թուրքիան կարիք ունի հիմնարար քաղաքական բարեփոխումների, այդ թվում՝ վերադարձին խորհրդարանական համակարգի», - գրել է մոտ տասը տարի առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Դավութօղլուն։

Թուրքիան 2018-ից անցել է նախագահական կառավարման համակարգի, որը Էրդողանին տալիս է անհամեմատ լայն լիազորություններ։