Ահազանգ. մինչև100 աշակերտ ունեցող 229 դպրոց սեպտեմբերից փակվելու է

Հայաստանյան գյուղերից մեկի դպրոցը, արխիվ

Սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու Հայաստանի փոքր գյուղերում. այսպիսի ահազանգ էր տարածել Ազգային կրթության խորհուրդը:

«Ուսուցիչներից մեկի ուղղակի խոսքն եմ մեջբերում. - «Դուք ձեր գլխի ճարը պետք է տեսնեք, որովհետև էն դպրոցը, որտեղ տեղափոխվելու են ձեր երեխաները, էդքան ուսուցչի տեղ չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը:

Ի՞նչ որոշման մասին է խոսքը. Մխիթարյանն ասում է՝ պետությունը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ցանկ է կազմել, հենց 229 փոքր դպրոցներ են՝ 55-ը՝ սահմանամերձ: Խորհրդում երեք ամիս ուսումնասիրել են, հարցումներ արել, պատասխաններից հասկացել՝ փակվում են:

«Կրթության նախարարությունից հարցրեցինք, թե այդ դպրոցների համար ինչպիսի՞ բյուջետային ֆինանսավորում է նախատեսված 26 թվականի համար, նրանք այդ հարցին չպատասխանեցին, թե՝ «դա հարցրեք մարզպետարաններին»: Եվ նրանք ասացին, որ 26 թվականի համար կա 25 թվականի նախատեսված բյուջեի կեսը հատկացված», - նշեց Ազգային կրթության խորհրդի անդամը:

Խոսքը կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված դպրոցների ցանկի մասին է, ի՞նչ ծրագիր է:

«Իմ ձեռքի տակ չկա այդպիսի որևէ ծրագիր, բայց չգիտես ինչի նախարարի հրամանի վերնագիրը հենց այդպես էլ կոչվում է», - ընդգծեց Մխիթարյանը:

Ապատեղեկատվություն է, հերքում է կրթական գերատեսչությունը: Գրել են՝ պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Որպես ապացույց նշում են՝ նոր դպրոցներ են կառուցվում: Կրթության նախարարությունը, սակայն, ոչ մի կերպ չի բացահայտում՝ ինչո՞ւ են դեռ երեք տարի առաջ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ցանկ սահմանել՝ հատուկ հրամանով:

«Թող ասեն, որ իսկապես չի փակվում: Ասում է՝ «մենք հերքում ենք այդպիսի լուրերը», բայց, ասում է՝ «մենք մեր քաղաքականությունը տանում ենք այնպես, որ կրթության հասանելիությունը լավանա»: Ոչ ոք դրան դեմ չի, իհարկե, բայց խնդրում եմ ասեք՝ այդ դպրոցների ցուցակը որ կա նախարարի հրամանով հաստատված, դա ինչի՞ մասին է», - նշեց Ազգային կրթության խորհրդի անդամը:

Ատոմ Մխիթարյանն ասում է՝ հենց համայնքներից են ահազանգեր ստացել, որ աշակերտների փոքր թիվ ունեցող դպրոցները միավորվելու են հարևան գյուղերի դպրոցներին՝ խոսքը շուրջ 8 հազար 700 աշակերտի մասին է:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանը պնդում է՝ մարզում փոքր դպրոցներ կան, և դրանք փակելու որոշում չի ստացել ինքը: Այդ դեպքում ի՞նչ ցանկ է:

«Դա մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ցանկն է, որոնց մոտ գյուղում կառուցվում են նոր դպրոցներ: Այսինքն՝ տրամաբանորեն մտածում էինք, որ շատ հնարավոր է, որ գյուղից գյուղ եթե ընդամենը 3 կմ է հեռու, կողքի գյուղում կառուցվի նոր տիպային դպրոց՝ իր ամեն հարմարությունով, երեխաների մեծ մասը հոսք կլինի դեպի այդ դպրոց», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Ստացվում է՝ պետությունն ուզում է այսպես ասած բնական ճանապարհով ազատվել փոքր դպրոցներից: Հարությունյանն ինքն էլ է ընդունում, որ մեկ հոգի մեկ դասարանում՝ որակյալ կրթության մասին չէ. - «Ի՞նչ եք պատկերացնում, էդ երեխեն նորմալ կրթություն է ստանալո՞ւ»:

Ցանկում ներառված է նաև Չինարիի դպրոցը՝ սահմանի գյուղ է, 86 աշակերտով: Այնուամենայնիվ, դա վտանգված դպրոցների ցանկ է. Մերուժան Հարությունյանի խոսքից է հասկացվում:

«Որ տեսանք էդ ցանկի մեջ է, մենք գրություն նախապատրաստեցինք, որ ընդհանրապես Չինարի գյուղի դպրոցին մատով կպչել անգամ չի կարելի. սենց սեղմված, Ադրբեջանի մեջ սեղմված գյուղ է այդ գյուղը, լավ էլ դպրոց ունի, լավ էլ ուսում ունի», - ընդգծեց Հարությունյանը:

Չինարիի դպրոցի տնօրենից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ այսպես ասած այդ «սև ցուցակն» իրենք էլ են ստացել, հետո հավաստիացում են լսել, որ այդ ցանկից իրենց դպրոցը կհանեն: Իսկ նույն մարզի Բարեկամավանի դպրոցի տնօրենը ոչ մի հավաստիացում չի ստացել , հակառակը՝ կփակվի, հենց վարչապետից է լսել Աստղիկ Ազատյանը:

«Հստակ ասվել է, հենց վարչապետն էլ ասել է։ Ժամկետ չի ասել: Փաստորեն, ըստ երևույթին, երբ որ Դովեղի դպրոցը սարքվի, այդ ճանապարհը սարքվի: Բայց ոնց տեսնում եմ՝ այդ ճանապարհը ոչ սկսել են, ոչ էլ վերջացրել են, դպրոցն էլ դեռ կիսատ է», - ասաց Ազատյանը:

Տնօրենի հույսը Դովեղի դպրոցի ու դեպի այդ գյուղ տանող ճանապարհի ձգձգվող շինարարությունն է: 14 աշակերտ ունեցող Բարեկամավանի դպրոցը մի քիչ էլ կգործի. - «Եթե իրենք ուզենան, որ մեր դպրոցը չփակվի, մի քիչ մեր գյուղին էլ ուշադրություն կդարձնեին։ Մեր գյուղին բացարձակ ուշադրություն չեն դարձնում։ Փող շատ են ծախսել, բայց հետևից չեն ընկնում, որ տեսնեն՝ այդ փողը իր արդյունքը տվե՞ց էդ գյուղում, թե՞ ոնց»։

Աստղիկ Ազատյանն ասում է՝ երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված փոքրիկ գյուղում դպրոցն է ամեն ինչի կենտրոնը, նույնիսկ հոգեհացն են այդտեղ տալիս, այլ սրահ չկա: Դպրոցը փակվի՝ գյուղն, ասում է, համարեք ադրբեջանցիներինը, վաղուց են ուզում, իրենց բառով՝ «Դոստլու» վերադառնալ. - «Գյուղը լրիվ կվերանա, կմնա ադրբեջանցիներին, հեռանկար չի ունենա, 100 տոկոսով»:

Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ցանկում ամենաշատը Սյունիքի կրթական հաստատություններն են: 2021 թվականի Կառավարության մի նիստից տեղեկանում ենք՝ «Կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովում» կոչվող ծրագիրը սկսվել է հենց այս մարզից: Պատշաճ որակի կրթություն բոլորի համար, շեշտում է վարչապետ Փաշինյանը:

«Չորրորդ դասարանն ավարտած երեխան պարզ տեքստը չի կարողանում կարդալ, կա՛մ չի կարողանում կարդալ, կա՛մ եթե կարողանում է կարդալ ինչ-որ ձևով, չի կարողանում հասկանալ», - ասում է վարչապետը:

Այս նիստում կրթության նախարարը՝ Վահրամ Դումանյանը, ու այդ ժամանակ դեռ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը բացատրում են Կապանի օրինակով՝ 31 գյուղերից 6-ում պահպանել եղած դպրոցները, իսկ մնացած 25-ում ստեղծել 7 հանգույցներ. - «Որտեղ տարբեր համայնքի երեխաները կմիավորվեն, և որակյալ կրթություն կապահովենք: Այս 7 հանգույցների գործունեությունը ապահովելու համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհներ», - ասում է նախարարը:

«Հրաժարվենք այն մոտեցումից, որ եթե կա շենք, որը վատ վիճակում է, ուղղակի գնանք և դա հիմնանորոգենք կամ վերակառուցենք, այլ անենք դա տրամաբանված՝ թե արդյո՞ք մեզ պետք է այստեղ այդ շենքը ունենալ, թե՞ պետք է բոլորովին այլ բան», - նշում է փոխնախարարը:

Այսօր էլ շատ ծնողներ որակյալ կրթությունը կարևորելով՝ իրենց գյուղի դպրոցից հանում ու այլ տեղ են տանում երեխային, ասում էր Անդրեասյանը՝ շեշտելով, որ կարևոր է, որ ոչ թե ամեն գյուղ դպրոցի շենք ունենա, այլ որ լիարժեք գույքով ու լաբորատորիաներով հագեցած կրթական միջավայր լինի աշակերտի համար՝ թեկուզ իր գյուղից դուրս: Ենթադրվում է, որ քննարկան թեմա դարձած մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ցանկը հենց այս նպատակով է կազմվել, ու կլինեն փակվող դպրոցներ:

«Եվ արդյո՞ք այն դպրոցը, որտեղ տանելու են որպես կենտրոնական դպրոց և բոլոր երեխաներին հավաքելու են, արդյո՞ք այդ դպրոցի պայմանները բավարար են: Որովհետև մենք գիտենք՝ այդ «300 դպրոց» ծրագրով կառուցվել է ընդամենը 60-ը, կամ հիմնանորոգվել է», - նշեց Ատոմ Մխիթարյանը:

Ազգային կրթության խորհրդի անդամը պնդում է՝ դպրոցի փակումը դատարկելու է սահմանամերձ գյուղը. երեխաները կգնան հարևան համայնքների մեծ դպրոցներ, ծնողները՝ նրանց հետևից: