AFP. Իրանը հարվածել է Իրաքի տարածքին

Իրանի զինված ուժերի կողմից արձակված հրթիռ, արխիվ

Իրանցի քրդերի շահերը ներկայացնող վտարանդի ուժերից մեկի՝ «Քուրդիստանի ազատության կուսակցության» ղեկավարները պնդում են, որ Իրանի զինված ուժերն այսօր լուսադեմին հրթիռակոծել են Իրաքում գտնվող իրենց ռազմակայաններից մեկը։ Այս մասին խմբավորման ներկայացուցիչները հայտնել են AFP գործակալությանը՝ նշելով, որ հարվածի թիրախում են հայտնվել կուսակցության զինված թևի՝ «Քրդական ազգային բանակի» մարտիկները։

«Հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել», - հաղորդել են «Քուրդիստանի ազատության կուսակցության» ներկայացուցիչները՝ համոզմունք հայտնելով, որ հարձակումը կապ ունի Իրանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունների հետ։

«Մենք վստահ ենք, որ այս հարձակման պատճառը մեր գործունեությունն է, մասնավորաբար՝ Իրանի ժողովրդին ուղղված մեր կոչերը՝ դուրս գալ փողոց և բողոքել իրանական վարչակազմի դեմ», - նշել են իրանցի քրդերը։

«Իրանի մարդու իրավունքներ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում անցած տարեվերջին սկիզբ առած բողոքի ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 3 հազար 428-ի, այլ կազմակերպություններ նշում են մինչև 5 հազար զոհի և մոտ 20 հազար ձերբակալվածի մասին: