Ադրբեջանը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին՝ նշելով, որ Երևանը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգել Մեծամորի ատոմակայանի շահագործումը։

Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանցի մասնագետները նախնական ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և հայտնաբերել էլեկտրահաղորդման հենասյուների հնարավոր տեղակայման վայրեր։ Դա Ադրբեջանի էլեկտրացանցը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապելու ծրագրի մի մասն է։

«Այսօր նրանց (հայերի) էներգիայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է։ Եթե այդ աղբյուրը փակվի, Հայաստանը կարող է կանգնել լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալը բխում է Երևանի սեփական շահերից։

Հայաստանը, որը երկար ժամանակ էներգակիրների մատակարարման հարցում մեծապես կախված է եղել Ռուսաստանից և Իրանից, այժմ քննարկում է ամերիկյան, ռուսական, չինական, ֆրանսիական և հարավկորեական ընկերությունների առաջարկները՝ խորհրդային ժամանակաշրջանից գործող Մեծամորի ատոմակայանը փոխարինող նոր միջուկային ռեակտոր կառուցելու վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետՀայաստանում փոքր մոդուլային ատոմակայան կկառուցվի. մասնագետները ռիսկային են համարում, կառավարությունից հակադարձում են