«Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի». Փաշինյան

«Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

«Այդ ձեռքբերումն առաջին հերթին ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, Հայաստանի և Ադրբեջանի անկախության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի ապագա սերունդներին, որոնք պատմական հնարավորություն են ստացել ոչ միայն խաղաղ համակեցության, այլև համագործակցության և բարիդրացիության համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա», - ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ երկու տարուց ավելի է հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել. «1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում»:

Անդրադառնալով հայ-ամերիկյան TRIPP նախագծին, Փաշինյանը հայտարարեց՝ դրա իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին, որոնք ձեռք կբերեն լոգիստիկ նոր հնարավորություններ։

Փաշինյանն ընդգծեց, որ ակնկալվում է պետական սահմանի բացում և, համապատասխանաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև կապող ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնում։

Միաժամանակ Նաիոկ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ և կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը. «Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը»։

«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը», - հայտարարել է վարչապետը։

Անդրադառնալով 1991 թվականին կնքված Ալմա-Աթայի հռչակագրին՝ Փաշինյանն ասաց, որ այն կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում:

«Հենց Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա վերածնունդը ստեղծեցին այդ պատմական հնարավորությունը կամ, ավելի ճիշտ՝ պատմական իրականությունը, և մեզ պարզապես անհրաժեշտ է հենվել այդ իրականության վրա՝ հայացքն ուղղելով դեպի ապագա, որտեղ կողմերն առանց վերապահումների ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը, և կողմերն այսօր ու ընդմիշտ միմյանց նկատմամբ չունեն որևէ բացահայտ կամ քողարկված տարածքային պահանջ», - հայտարարել է Փաշինյանը։

2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրանից հետո հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:

Բաքուն, սակայն, չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ պահանջելով փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում: