Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել է ընդդիմադիր գործչի բողոքը

Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործչի բողոքը։

9 տարվա ազատազրկման դատապարտված 65-ամյա Թոֆիկ Յաղուբլուն ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ է և վերջին երեք տասնամյակների ընթացքում բազմիցս կալանավորվել է՝ Ադրբեջանի կառավարության դեմ բողոքելու համար։

Յաղուբլուն ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին և անցյալ տարվա մարտին դատապարտվել խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Նրա աջակիցները, այդուհանդերձ, պնդում են, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ընդդիմադիր գործչի փաստաբան Նեմատ Քարիմլին հայտարարել է, որ դատավարությունը ուղեկցվել է լուրջ ընթացակարգային խախտումներով, և պաշտպանական կողմը նախատեսում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ադրբեջանը վերջին տարիներին անկախ լրագրողների և քաղաքական ակտիվիստների մի շարք ձերբակալություններից հետո Արևմուտքի կողմից քննադատության է արժանացել մարդու իրավունքների վիճակի համար։

Բաքուն մերժում է այդ քննադատությունը և հայտարարում, որ արևմտյան դիվանագետների՝ կալանավորվածներին ազատ արձակելու կոչերը միջամտություն են իր դատական համակարգին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի քաղբանտարկյալները կոչ են արել Եվրոպական հանձնաժողովին ուժեղացնել ճնշումը երկրի վրաԵվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին