Ադրբեջանի ԱԳՆ-ը հայերին կրկին ցեղասպանության մեջ է մեղադրում

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հանդես է եկել 1918-ի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ՝ պնդելով, որ 108 տարվա վաղեմության այդ իրադարձությունների ընթացքում «արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր տարածած հայտարարության մեջ պնդում է, որ 1918 թվականի իրադարձությունների ընթացքում Բաքվի կոմունային և Դաշնակցությանը ենթակա հայկական ջոկատները իբր տասնյակ հազարավոր ադրբեջանիցների են սպանել։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ «ցեղասպանության» ակտեր իրագործվել են ոչ միայն Բաքվում, այլև մի շարք այլ քաղաքներում։ Դրանց թվում Ադրբեջանի ԱԳՆ-ը հիշատակել է նաև Երևանը՝ օգտագործելով Հայաստանի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Իրևան։

«20-րդ դարասկզբի ցեղասպանության այս արյունալի քաղաքականությունը շարունակվել է նաև նույն դարի վերջում՝ համակարգային բնույթ ստանալով։ Դրա վկայություններն էին ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունը, օկուպացիայի տարիներին իրականացված զանգվածային սպանությունները՝ հատկապես Խոջալուի ցեղասպանությունը, այլ ռազմական հանցագործությունները», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում։