Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին»

Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում

«Օրերս Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

«Փաստաթղթի նախաբանում և դրա մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, որ վերաբերում է Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո կամավոր կերպով Հայաստան տեղափոխված մարդկանց, ինչպես նաև այս հարցի ընդգրկումը ԵՄ և Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում, այդ մարդկանց բնորոշումը որպես «փախստականների», Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է», - պնդում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

«Բացի այդ, փաստաթղթի այն հոդվածում, որ նվիրված է հարաբերությունների կարգավորմանը ԵՄ ներդրմանը, նշվում է Միջազգային դատարանի վճիռների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարման մասին։ Որևէ կասկած չկա, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է», - պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ հայտարարելով, թե փոխադարձ հայցերի թեման, «բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում»։

Պաշտոնական Բաքուն բողոքում է նաև, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի և Բրյուսելի մեջ ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերեվարված անձինք»։ Բաքուն նաև դժգոհ է, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, փոխարենը «հիշատակվում է տարածաշրջանային կոնեսնսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։ «Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից TRIPP նախագծի կյանքի կոչման հետ կապված», - ասված է հայտարարությունում։

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածով կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով, հավելյալ անհանգստություն է առաջացնում, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչական գործիք օգտագործվող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը դադարեցնելու փոխարեն Երևանն ու Բրյուսելը այդ առաքելության ներկայության պահպանումը և դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

«Հիշատակված առաջնահերթություններից բացի, ռազմական և պաշտպանական թեմաների շեշտադրումը նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային», - եզրափակում է գերատեսչությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կայա Կալլաս. Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն ՀայաստանինՄիրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները«Մենք կակտիվացնենք աշխատանքներն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին». ԿոսԻ՞նչ է նախատեսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր փաստաթուղթը. մանրամասներ ԲրյուսելիցԵրևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին