Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:
«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետն այսօր պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:
«Ազատությունը» նաև հարցրել էր փոխվարչապետին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան ո՞ր ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել, և ի՞նչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին, և արդյո՞ք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ: Այս հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է.
«Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»:
Կան հետաքրքրվածներ. նախարար
Կան հայաստանյան ընկերություններ, որոնք հետաքրքրված են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ և այժմ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների մեջ են, «Ազատությանը» փոխանցեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Թե որ ընկերություններն են դրանք, նախարարը չասաց՝ բացատրելով, որ դա նրանց առևտրային գաղտնիքն է, և այդ ընկերություններն իրենք պետք է հայտարարեն այդ մասին:
Հարցին, թե ադրբեջանական վառելիքը մրցունակ կարո՞ղ է լինել հայաստանյան շուկայում, այն պարագայում, երբ Հայաստանը հիմնականում վառելիք ներկրում է Ռուսաստանից, նախարար Պապոյանը պատասխանեց. «Եթե մրցունակ եղավ, կմտնի շուկա, եթե չեղավ, ապա չի մտնի»:
Գևորգ Պապոյանը հավելեց, որ պետության գործը մրցունակության վրա ազդելը չէ. «Պետության գործը հնարավորինս շատ հնարավորություններ ստեղծելն է: Մնացածը մասնավորը պետք է բանակցի, խոսի: Դրանք հարցեր են, որոնց միայն գործարար շրջանակը կարող է պատասխանել»:
Իսկ այս պահին կա՞ որևէ ընկերություն, որ արդեն ներկրել է ադրբեջանական վառելիք, թե՞ առայժմ միայն բանակցությունների փուլն է, Գևորգ Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական վառելիքը ներկրվի, այս մասին կհայտարարվի:
Բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերություններն առայժմ լռում են
Վառելիքի, մասնավորապես, բենզինի հայաստանյան շուկայում առաջատար են մի քանի ընկերություններ: Դրանցից մեկը գործարար Աշոտ Սալազարյանին պատկանող «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ն է: Ի դեպ CPS -ը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 7-րդ խոշոր հարկատուն է և վճարել է 19 միլիարդ դրամի հարկ: «Ազատությունը» հարցում է ուղարկել ընկերությանը՝ փորձելով պարզել, թե արդյոք «Սի Փի Էս»-ը հետաքրքրված է ադրբեջանական վառելիքի ներկրմամբ: Ընկերությունից փոխանցեցին, թե հարցին կպատասխանեն, եթե նպատակահարմար համարեն:
Վառելիքի ներկրմամբ զբաղվող երկրորդ խոշոր ընկերությունը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ»-ն է: Այս ընկերությունն էլ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 22-րդ տեղում է և վճարել է 11 միլիարդ դրամ: Ընկերության գլխավոր տնօրեն Սանսար Բեգլարյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, մասնավորապես, թե արդյոք հետաքրքրվա՞ծ են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ:
Վառելիքի ներկրմամբ զբաղվող Gulf Armenia-ն նոր միջազգային բրենդ է Հայաստանի բենզալցակայանների ոլորտում: Այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ» ընկերությունների մեջ է մտնում:
«Գալֆ Արմենայի» էջից տեղեկանում ենք, որ այն սկսել է գործել նախորդ տարվանից, և միջազգային բրենդը Հայաստանում պաշտոնապես ներկայացնող «ArmReco» ՍՊԸ-ն է: Ընկերությունը վառելիքը ներմուծում է Եվրոպայի նավթավերամշակման գործարաններից: Թե կոնկրետ որ երկրներից, չի նշվում:
Այն, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, հայաստանյան հանրությունը տեղեկացավ ադրբեջանական կողմից: Անցած շաբաթ այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի Արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի, փոխադարձ առևտրի էլ ի՞նչ ոլորտներ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, այդ հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով միայն, որ «այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են»: