Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Ran oil»-ի բենզալցակայաններում:
Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցեց, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով:
«Սա Էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է»,- ասաց Հայրիյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդն» է«Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին: Ընդ որում, «Մեգա թրեյդը» ոչ թե ներկրել է բենզինն Ադրբեջանից, այլ այն գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:
«Մեգա թրեյդի» տնօրենը «Ազատությանը» փոխանցեց, որ ազատ շուկայական հարաբերություններ են և եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին:
Արձագանքելով ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով և Հայաստանում վաճառելով, հարստացնում են հակառակորդին և զինում նրա բանակը, Կարեն Հայրիյանն ասաց, թե ինքը ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով է զբաղվում:
«Մեգա թրեյդ» ընկերությունը մտադիր է ադրբեջանական վառելիքի գնումները շարունակական դարձնել:
Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ: