Ադրբեջանական բենզինը 440 դրամով վաղվանից կվաճառվի «Ran oil»-ի բենզալցակայաններում: «Ազատությանը» փոխանցեց ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրենը:
Կարեն Հայրիյանի խոսքով՝ «իրենց առաջարկած բենզինն էականորեն էժան է, քանի որ պրեմիում բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է:
Ի՞նչ գին կսահմանի Թբիլիսին հաջորդ բեռափոխադրումների համար
Մինչ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն ազդարարում է ադրբեջանական էժան բենզինի վաճառքի մասին, տնտեսագետները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանի վառելիքի շուկան օլիգոպոլ է: Այստեղ մի քանի խոշոր խաղացողներ կան, որոնք էլ գին են թելադրում մյուսների համար: Խոսքը «Ֆլեշի» և «CPS » -ի մասին է, որոնց բաժին է ընկնում հայաստանյան բենզինի շուկայի մոտ 60 տոկոսը:
Հետևաբար, ըստ տնտեսագետի, եթե նրանք ցանկանան, ապա կարող են իջեցնել իրենց բենզինի գինը և գնիջեցման այն էֆեկտը, որ ակնկալում էր ստանալ ադրբեջանական բենզինը գնած ընկերությունը, կարող է և չստանալ:
Բացի այդ, ըստ մասնագետի, «Ran oil»-ի առաջարկած 440 դրամի գնագոյացման վրա բնականաբար ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի անվճար փոխադրելու հանգամանքը: Վրացական կողմը իբրև բարի կամքի դրսևորում որոշել է մեկ անգամ ադրբեջանական վառելիքի համար տարանցման գումար չգանձել: Իսկ թե ինչ գին կսահմանի Թբիլիսին հաջորդ բեռնափոխադրումների համար, պարզ չէ: Սակայն Սուրեն Պարսյանը նկատում է, որ Վրաստանը վերջին տարիներին պարբերաբար թանկացրել է իր երկաթուղու տարանցման գումարը, և ներկայումս մեկ տոննա վառելիքը՝ մեկ կիլոմետրի հաշվով փոխադրելու համար գանձնում է կես դոլար տարանցման գումար: Վրաստանից Հայաստանի սահման ավելի քան 200 կմ է:
Տնտեսագետ Սուրեն Պարսյան
«Դժվար է այս պահին կանխատեսել, որ այդ գինը 2 -րդ, 3 -րդ գործարքների դեպքում, եթե լինի էլ, կպահպանվի, որովհետև արդեն տարանցման գումարը գալու է: Ադրբեջանական վառելիքը ավելի մոտ է, քան ռուսականը և տրանսպորտային ծախսն ավելի փոքր կլինի, բայց, միևնույն ժամանակ, ռուսական կողմը մեծ ծավալով վառելիք է արտադրում և վաճառում, և կարող է ցանկացած ժամանակ որոշակի զեղչ անել կամ որոշակի գնային քաղաքականություն վերանայել, և ադրբեջանական վառելիքը դառնա ոչ մրցունակ», - ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Ադրբեջանական վառելիքն, ըստ մասնագետի, իսկապես կարող է մրցունակ լինել, եթե Ղազախով գործարկվի Հայաստան-Ադրբեջանի ուղիղ երկաթուղային կապը: Եվ այդ պարագայում վրացական կողմին որևէ գումար վճարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Ադրբեջանն ինքը պրեմիում տեսակի բենզինի կարիք ունի
Բացի այն, որ ադրբեջանական վառելիքը կարող է շատ արագ ոչ մրցունակ դառնալ՝ ռուսական բենզինի գնիջեցման և վրացական երկաթուղու սահմանած տարանցման բարձր գնի պատճառով, նաև Ադրբեջանն ինքը բարձր որակի, տվյալ դեպքում պրեմիում տեսակի բենզինի կարիք ունի և ստիպված այն ներկրում է Ռուսաստանից և Արաբական Էմիրություններից:
Հետևաբար, ըստ տնտեսագետի, քիչ հավանական է, որ Ադրբեջանը կարողանա հայկական վառելիքի ամբողջ շուկայի կամ գոնե զգալի մասի կարիքները բավարարել, քանի որ պարզապես այդ քանակով արտադրության ծավալներ չունի: Ադրբեջանն ունի նավթ, բայց նավթամթերքի արտադրության հարցում խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով կարող է արտահանել հիմնականում դիզել և քիչ քանակությամբ ռեգուլյար տեսակի բենզին:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները դեռ անցած ամիս էին հայտնել, որ Ադրբեջանը հաջորդ տարվանից ընդհանրապես դադարեցնելու է АИ-95 տեսակի բենզինի արտադրությունը:
Տնտեսագետի խոսքով. - «Այո, ադրբեջանական կողմը հենց ներկայումս ինքը խնդիր ունի պրեմիումի և քիչ հավանական է, որ առանց իր ներքին պահանջարկը բավարարելու, փորձի արտահանում իրականացնել»:
«Սա ավելի շատ քաղաքական գործարք էր». տնտեսագետ
Տնտեսագետը նկատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս միանվագ գործարքի նպատակն էր պարզապես ցույց տալ, որ կողմերը պատրաստ են երկարաժամկետ խաղաղության: Եվ, հետևաբար, ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակի ներկրումը ավելի շատ քաղաքական և ոչ թե տնտեսական գործարք էր:
«Սա ավելի շատ քաղաքական ազդակ էր ներքին և արտաքին հանրությանը, որ մենք հանձնառու ենք երկարաժամկետ խաղաղութանը, այս պահին ավելի շատ քաղաքական գործարք է», - ընդգծում է Սուրեն Պարսյանը:
Եթե Ադրբեջանն այլևս չվաճառի պրեմիում տեսակի բենզին, արդյոք ադրբեջանական բենզինով հետաքրքրված «Մեգա թրեյդը» կշարունակի գնումները: Ընկերության տնօրենն «Ազատությանը» փոխանցեց, որ եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շեշտում է.- «Որքան մեծանում է տնտեսական փոխկապակցվածությունը երկրների միջև, պարզ ասած՝ այնքան փոքրանում է պատերազմի հավանականությունը»:
Մինչ Հայաստանի իշխանությունները հայ - ադրբեջանական այս գործարքը կարևոր են համարում խաղաղության հաստատման ճանապարհին, այն միանշանակ չի ընդունվում ընդդիմադիր շրջանակների կողմից:
«100 դրամ էլ դնեն՝ պետք է բոյկոտենք». Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան
«Ես կոչ եմ անում բոլորին, որ 100 դրամ էլ դնեն մեկ լիտր բեզնինը, մենք բոյոկտենք դա, որովհետև վերջին հաշվով պատերազմում պարտությունը մի բան է, բայց դրանից հետո շարունակել ցույց տալ, որ մենք նաև ինքնասիրություն չունենք, դա լրիվ այլ բան է», - ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով պնդում է՝ քանի դեռ ադրբեջանական զինուժը չի հեռացել Հայաստանի օկուպացրած տարածքներից և ազատ չի արձակել բոլոր հայ գերիներին, պետք է բոյկոտել ադրբեջանական բենզինը, նույնիսկ եթե այն ջրի գնով վաճառեն:
«Ես կարծում եմ, որ մենք, գոնե հարգելով մեր զոհերի հիշատակը, հարգելով մեր ՀՀ տարածքային ամբողջականությունը, հարգելով հայ մարդկանց, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում և խոշտանգվում ու նվաստանում են ամենօրյա ռեժիմով, մենք պետք է չգնենք այդ բենզինը, պետք է բոյկոտենք, որ էն գործարարներն էլ, ովքեր գնացել առել են, բնականաբար, իշխանությունը ասել է, արել են, նրանք էլ հասկանան, որ էս ազգի հետ պետք չի էս ձևով վարվել», - ասում է «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:
Բացի այդ, ըստ Մարուքյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի փոխադարձ առևտուր: Հայաստանը չպետք է դառնա միակողմանի գնորդ՝ ֆինանսավորելով Ադրբեջանի բանակը, Բաքուն նույնպես պետք է հայկական ապրանքներ ներկրի Ադրբեջան: Մինչդեռ, Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ այս գործարքով Հայաստանն Ադրբեջանի համար դարձել է ընդամենը «նվաստացած շուկա», Մարուքյանը շեշտում է. - «Մինչև ՀՀ ինքնիշխան տարածքները չդեօկուպացվեն, մինչև մեր գերիները ազատ չարձակվեն, էն խնդիրները, որ մենք հիմա ունենք Ադրբեջանի հետ, դրանք չկարգավորվեն, դուք ինչքան ուզում է իրենցից նավթ առեք, գազ առեք, թեյ գնեք, որևէ ձևով չի ազդելու հարաբերությունների կարգավորմանը»:
Արձագանքելով իրենց ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով և Հայաստանում վաճառելով, հարստացնում են Ադրբեջանին և զինում նրա բանակը, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն ասաց, թե իրենք ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով են զբաղվում: