Ադրբեջանական բենզինը հասել է Հայաստան

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը, հայտնում է ՀՀ կառավարությունը:

«Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում», - նշված է հաղորդագրությունում։

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է», - ավելի վաղ Ֆեյսբուքում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ադրբեջանական Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը երեկ է Ադրբեջանից ուղևորվել դեպի Հայաստան:

Ադրբեջանական կողմը նույն օրը տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ադրբեջանական բենզինի արտահանումը դեպի Հայաստան տեղի է ունենում նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում: Գործարքը կրում է բացառապես կոմերցիոն բնույթ, իսկ բենզինը վաճառվել է միջազգային շուկայական գներին համապատասխան:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ադրբեջանական բենզինը գնած ընկերությունը կամ ընկերություններն իրենք են որոշել առաջին խմբաքանակը հենց այդ չափով ներկրել: Պապոյանը, սակայն, առայժմ չի հայտնում, թե ով կամ ովքեր են են Հայաստան ադրբեջանական վառելիք ներկրում:

Ադրբեջանից Հայաստան ուղևորված բենզինի առաջին խմբաքանակի տարանցման համար Վրաստանը գումար չի գանձի՝ իբրև ժեստ՝ ուղղված խաղաղության գործընթացին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատերազմի փոխարեն առևտուր ենք անում». ադրբեջանական բենզինը շուտով կհասնի Հայաստան