Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ. Հաջիև

Ադրբեջանի և Իրանի դրոշները, արխիվ

Պաշտոնական Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է։ Բաքվից 200 կմ հարավ պատերազմ է ընթանում Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ 200 կմ հյուսիս շարունակվում է ռուս - ուկրաինական պատերազմը»,- թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, հայտարարել է Հաջևը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե «Մոսադ»-ն օգտագործել է Ադրբեջանի տարածքը։

Ալիևի օգնականն ասել է, որ պաշտոնական Բաքուն Իրանը համարում է եղբայրական երկիր։

«Որովհետև սահմանի այն կողմում՝ Արաքս գետից այն կողմ, ապրում են մեր եղբայրները։ Նախ՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքի օգտագործումը հարևան երկրի դեմ միջամտության նպատակով։ Երրորդ՝ մենք բարոյական պարտավորություն ունենք այնտեղ ապրող մարդկանց հանդեպ։ Ինչպես արդեն ասել եմ, սահմանի այն կողմում ապրողները՝ անկախ իրենց ազգային պատկանելիությունից և կրոնական համոզմունքներից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք մենք դա թույլ տալ», - նշել է Հաջիևը:

«Չորրորդ՝ տեխնիկական տեսանկյունից ընդհանրապես ինչպե՞ս դա հնարավոր կլիներ։ Ինչպե՞ս նրանք Իսրայելից կհասնեին այստեղ։ Նրանք ստիպված կլինեին անցնել Թուրքիայի տարածքով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը դա թույլ չեն տա», - ընդգծել է Հիքմեթ Հաջիևը՝ ընդծելով, որ այստեղ «կեղտոտ քարոզչության տարրեր» է տեսնում։