Ադրբեջանում Թուրքիայի և Վրաստանի հետ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվում

Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանում համակարգչային աջակցությամբ Eternity-2026 խորագրով հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվում՝ Թուրքիայի և Վրաստանի հետ համատեղ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժությունների սցենարին համապատասխան՝ երեք երկրների ներկայացուցիչներից կազմված միացյալ շտաբում պլանավորվում են ռազմավարական տնտեսական օբյեկտների և տարածաշրջանով անցնող էներգետիկ ու հաղորդակցությունների գծերի պահպանության գործողություններ:

Ժամանակակից համակարգչային մոդելավորման օգնությամբ վերլուծվում են հնարավոր սպառնալիքները, ճգնաժամային իրավիճակներում որոշումներ են ընդունվում, ինչպես նաև կազմակերպվում է փոխգործողությունը տարբեր զորատեսակների և համապատասխան պետական կառույցների միջև:

Մասնակիցները զորավարժարանում մշակում են գործողության անցկացման շրջանի մեկուսացման, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ դիտարկման, ինչպես նաև պայթուցիկ սարքերի և չճանաչված անօդաչուների վնասազերծման գործողություններ, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, հաջողությամբ կատարվում են ռազմակայանի վրա հարձակումը հետ մղելու, դիվերսիաներից երկաթուղային գծերի և նավթագազային ենթակառուցվածքի պաշտպանության, հրդեհաշիջման և վիրավորների տարհանման խնդիրներ, հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: