Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների առաջին եռակողմ հանդիպումը, հաղորդել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդալա բին Զայեդ ալ Նահյանը:
Բանակցություններից առաջ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը:
ТАСС-ի տվյալներով՝ բանակցությունների առաջին փուլն անցնելու է «առավելագույնս փակ ռեժիմով», մամուլի ներկայություն նախատեսված չէ: «Առնվազն այսօրվա դրությամբ խստորեն գործում է այդպիսի ռեժիմ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Բանակցությունները շարունակվելու են երկու օր:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցն առանցքային է, և այն քննարկելու են հունվարի 23-ին Աբու Դաբիում հանդիպման ժամանակ:
Ուկրաինայի պատվիրակությունում ընդգրկված են երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը և նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Գերագույն Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը:
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոստյուկովը:
ԱՄԷ մայրաքաղաքում կհանդիպեն նաև ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանագնացներ, տնտեսական հարցերով երկկողմ խմբի ղեկավարներ՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և Սթիվ Ուիթքոֆը: