Աբու Դաբիում այսօր կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը

Այսօր Աբու Դաբիում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս հանդիպումը, բոլոր կողմերի համաձայնությամբ, կրկին կանցկացվի փակ դռների հետևում։

Պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Սպիտակ տան խոսնակը NBC News-ին ասել է, որ հանդիպումը «արդյունավետ է եղել»։ Reuters-ը հաղորդում է, որ դեռևս չկան նշաններ, որ հանդիպման ժամանակ փոխզիջման են հասել։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցն առանցքային է, և այն քննարկելու են հունվարի 23-ին Աբու Դաբիում հանդիպման ժամանակ:

Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտել պատերազմը». Զելենսկի