ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպում՝ պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի համայնապատկեր, արխիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում այսօր երեկոյան նախատեսված է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը՝ առաջինը պատերազմի սկզբից ի վեր: Եռակողմ հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինայի տարածքների հարցը:

Ռուսաստանից մասնակցում են պաշտպանության նախարարության պաշտոնյաներ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ: Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը:

Աբու Դաբիում առանձին կհանդիպեն նաև ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ռուսաստանի նախագահի ներդրումային հարցերով բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։

Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է ամերիկյան Axios-ի հրապարակումը, որ Աբու Դաբիում Ուկրաինայի տարածքների հարցն է քննարկվելու: Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր և վաղը կայանալիք հանդիպումները պատերազմը դադարեցնելու ուղղությամբ քայլ կլինեն:

«Դոնբասի հարցը գլխավորն է։ Այսօր և վաղը Աբու Դաբիում կքննարկվի, թե ինչ տեսակետներ ունեն երեք կողմերը դրա վերաբերյալ ... Ինչ վերաբերում է մեր եվրոպացի գործընկերներին, ես միշտ կողմ եմ նրանց մասնակցությանը», - հայտարարել է Զելենսկին:

Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի ողջ Դոնբասը՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը, ինչին Կիևը դեմ է: Կրեմլի խոսնակն այսօր վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ չի կարող մանրամասներ հայտնել բանակցություններից:

«Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է. Ուկրաինան, ուկրաինական զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը, դուրս գան այնտեղից: Դա շատ կարևոր պայման է: Կան նաև այլ նրբերանգներ, որոնք բանակցությունների օրակարգում են», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Եռակողմ այս հանդիպումից առաջ երեկ Կրեմլում մոտ չորս ժամ բանակցել էին Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ նախագահի բանագնացները: Վլադիմիր Պուտինը, նրա օգնական Յուրի Ուշակովի խոսքով, զգուշացրել է՝ երկարատև խաղաղություն չի լինի, քանի դեռ չեն լուծվել տարածքային հարցերը:

«Ամենակարևորը՝ մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ իմաստ չունի երկարաժամկետ կարգավորում ակնկալել առանց տարածքային հարցը լուծելու՝ ըստ Անքորիջում համաձայնեցված բանաձևի», - ասել է Ուշակովը:

ՌԴ նախագահի օգնականն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմամբ, իսկ մինչ այդ կշարունակի հետամուտ լինել այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» նպատակների իրագործմանը մարտի դաշտում, որտեղ, նրա պնդմամբ, ռուսական զինուժն է թելադրողը:

Ուշակովի փոխանցմամբ՝ երեկվա հանդիպմանը, որը բոլոր առումներով օգտակար էր թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար, կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ կապ պահպանել միմյանց հետ՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ այլ հարցերի շուրջ։

ԱՄՆ նախագահն, իր հերթին, երեկ Դավոսից Վաշինգտոն վերադառնալիս ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները ցանկանում են համաձայնագիր կնքել և վերջ դնել արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին:

«Գիտեք, կար ժամանակ, երբ Պուտինը չէր ուզում գործարք կնքել, երբ Զելենսկին չէր ուզում գործարք կնքել … Հիմա կարծում եմ, որ երկուսն էլ ուզում են։ Մենք կպարզենք», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Դիվանագիտական դաշտում այս զարգացումներին զուգահեռ, ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային: Դոնեցկում անօդաչուի հարվածից չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգամյա երեխա: Եվս երկու մարդ զոհվել է Խարկովում: Ռուսական զինուժն ամբողջ օրը հարվածել է Կրիվոյ Ռոգին՝ կիրառելով մոտ 70 անօդաչու, կա առնվազն 13 տուժած, այդ թվում՝ երեխաներ: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Խարկովում:

Կիևում 1900-ից ավելի բազմաբնակարան շենք դեռ ջեռուցում չունի: Ուկրաինայի էլեկտրական ցանցի օպերատոր «Ուկրէներգո»-ն հայտարարել է, որ ռուսական վերջին հարձակումներից հետո իրավիճակը զգալիորեն վատացել է՝ երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են, էլեկտրակայանների վերանորոգման արտահերթ աշխատանքներ են ընթանում: Եվրոպական հանձնաժողովը մոտ 450 գեներատոր է ուղարկել Ուկրաինա:

Խերսոնի բնակիչները պատմում են, որ էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրի պակասը լուրջ խնդիրներ է ստեղծում, մի կերպ են դիմանում սառնամանիքին.

«Ես ձմեռն անցկացնում եմ ուրիշի բնակարանում։ Իմ թաղամասը տեսնում եմ միայն կամավորների կողմից տարածվող տեսանյութերում և շատ եմ ուզում տուն վերադառնալ … Այնտեղ ո՛չ էլեկտրաէներգիա կա, ո՛չ գազ, ո՛չ ջուր»:

«Ջեռուցում չունենք և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունենք։ Բայց ամենակարևորը հարվածներից խուսափելն է … Մենք դիմանում ենք։ Մենք շատ բանի ենք դիմացել, և ժամանակն է, որ սա ավարտվի»:

«Քաղաքի ամենամեծ խնդիրը հրետակոծությունն է։ Մյուս խնդիրը ջրի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման պարբերական պակասն է։ Սրանք են մարդկանց համար հիմնական խնդիրները»։

Ուկրաինական զինուժն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել: Պենզայում անօդաչուն հարվածել է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամբարի, որտեղ հրդեհ է բռնկվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դոնեցկի մարզում ռուսական հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդԶելենսկին հաստատել է՝ Աբու Դաբիում քննարկվելու է տարածքների հարցըՈւկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի տարածքը, սա կարևոր պայման է. ՊեսկովՊենզայի նավթամբարում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվելԿիևի քաղաքապետը հայտնել է, որ 1940 բնակելի շենք դեռևս չի ջեռուցվումԿրեմլը հայտնում է՝ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվենՏարածքային հարցը դեռևս լուծված չէ. Զելենսկին՝ Թրամփի հետ բանակցություններից հետոԹրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ «պատերազմը պետք է ավարտվի»Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա և մնացել է մեկ հարց. Ուիթքոֆ