Խորհրդարանը վավերացրեց ռուսական ռազմաբազայի մասին արձանագրությունը

«Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը Հայաստանի Ազգային ժողովն այսօր վավերացրեց 80 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ քվեներով:

Արձանագրությամբ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվում է` 25 տարվա փոխարեն սահմանվելով 49 տարի:

Արձանագրության վավերացմանը դեմ քվեարկած միակ պատգամավորը` Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նման լուրջ հարցի հետ կապված մեծ զիջում անելով Ռուսաստանին` Հայաստանը ոչինչ չի շահում:

«Այսուհետեւ շատ-շատերը միջազգային հանրության մեջ մտածելու են, որ վերջնականորեն Հայաստանը ռուսական կողմնորոշում ունի», - պարզաբանեց Թորոսյանը: - «Հայաստանը մեծապես նվազեցրեց իր խուսանավելու հնարավորությունները երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի հետ կապված»:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող կոալիցիան որեւէ ելույթով հանդես չեկավ, եւ առհասարակ Ազգային ժողովն այս հարցում բուռն քննարկումներով աչքի չընկավ:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պարզաբանմամբ, իշխող կոալիցիան որեւէ ասելիք չուներ, քանի որ արձանագրությունը ստորագրելուց առաջ իշխանությունները արդեն իսկ քննարկել էին դրա նպատակահարմարության հարցը:

«Վերջին հաշվով` մեր կողքին Թուրքիա կա, կարողանում ենք մեր սահմանները ավելի անվտանգությունը ապահովել, եւ չեմ կարծում, որ մենք այստեղ որեւէ բանավեճ ունենք որեւէ գաղափարախոսության հետ», - մասնավորապես, ասաց Գալուստ Սահակյանը:

Կոալիցիոն ուժերից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որը նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է, նույնպես ընդգծեց պայմանագրի կարեւորությունը:

«Այնքան ժամանակ քանի հայ-ռուսական ռազմական գործընկերությունը գոյություն ունի, վստահ կարելի է ասել, որ Հայաստանը պաշտպանված է արտաքին սպառնալիքից», - հայտարարեց Արամ Սաֆարյանը:

Արձանագրության վավերացմանը ձեռնպահ քվեարկեց Դաշնակցություն խմբակցության մեկ պատգամավոր` Գագիկ Գեւորգյանը: Իսկ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խմբակցության անունից ասաց, թե կան մտահոգություններ, բայց այլընտրանքի բացակայության պատճառով Դաշնակցությունը կողմ քվեարկեց:

«Մենք գտնվում ենք անվտանգության մի համակարգի մեջ, որին փոխարինողը մենք այսօր չունենք», - կարծիք հայտնեց Վահան Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին ոչ հարցի քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե արձանագրության վավերացումը Հայաստանի ինքնիշխանության անկման հետեւանքն է, եւ Հայաստանը պետք է ձեւավորեր այնպիսի իշխանություն, որը կկարողանար պաշտպանել իր սահմանները, եւ ոչ թե հրավիրեր այլ երկրների: