Հայ գիտնականները ավանդ են ունեցել տիեզերագիտության զարգացման մեջ

Գառնիի Տիեզերական հետազոտությունների թանգարանի տնօրեն Վահագն Գյուրզադյան

Երեւանում երեքշաբթի օրը մի շարք միջոցառումներով նշվեց դեպի տիեզերք առաջին մարդու` Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակը:

Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցած գիտաժողովին մասնակցում էին նաեւ Ռուսաստանից ժամանած հյուրեր: ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր ելույթում շեշտեց, թե ինչ լուրջ ձեռքբերումներ եւ նվաճումներ է ունեցել Հայաստանը տիեզերագիտության ասպարեզում այս 50 տարիների ընթացքում:

50 տարի առաջ այս օրը Յուրի Գագարինը ընդամենը մեկ պտույտ կատարեց երկրագնդի շուրջ, եւ վերադարձից հետո ողջ աշխարհի մարդկանց շուրթերին նրա անունն էր հնչում: Իհարկե, նա միայնակ չբացեց դեպի տիեզերք տանող ճանապարհը, նրա այդ պատմական թռիչքը նախապատրաստել էին 100-ավոր մարդիկ, որոնց անունները հիմա չեն հիշվում, ինչպես եւ չեն հիշվում տիեզերքի նվաճման համար բազմաթիվ ուսումնասիրություններ եւ գիտական հետազոտություններ կատարած հայ գիտնականների անունները: Դրանց թվում է նաեւ Գառնիի Տիեզերագիության ինստիտուտում կատարված աշխատանքը, որ գլխավորում էր անվանի ակադեմիկոս Գրիգոր Գյուրզադյանը, որի շնորհիվ էլ ինստիտուտում դեռ 10 տարի առաջ բացվեց Տիեզերական հետազոտությունների թանգարանը:

Այս թանգարանում բացառիկ նմուշներ են ցուցադրված` տիեզերքում ժամանակին աշխատած մոդուլներ, ապարատներ, սարքեր, որոնց վրա տեղադրված է եղել հայ գիտնականների պատրաստած տիեզերական աստղադիտակները` «Օրիոն-1»-ը եւ «Օրիոն-2»-ը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ ասաց թանգարանի տնօրեն Վահագն Գյուրզադյանը` Գրիգոր Գյուրզադյանի որդին, ժամանակին Գառնիի Տիեզերական աստղագիտության ինստիտուտում իրենց թռիչքային պատրաստությունն էին անցում տիեզերագնացների խմբեր:

«Մոտ 40 տիեզերագնաց այստեղ է անցել իր պատրաստումը մինչեւ թռիչքը», - ասաց Գյուրզադյանը:

Նրա խոսքով` երբ 60-ականներին սկսվեց տիեզերական դարաշրջանի արշալույսը, Վիկտոր Համբարձումյանն ու իր հայրը` Գրիգոր Գյուրզադյանը իրենց գիտական համագործակցությամբ մեծ ճանապարհ բացեցին տիեզերքի ուսումնասիրության համար:

«Որոշեցին, որ կարեւոր է օգտագործել այդ հրթիռների հնարավորությունները, որպեսզի կատարեն ատղաֆիզիկոսների դարավոր երազանքը, այն է` դիտումներ կատարեն մթնոլորտից դուրս պայմաններում, երբ չկան մթնոլորտային աղավաղումները», - պատմում էր Վահագն Գյուրզադյանը:

Այժմ Տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքը լքված ու անմարդաբնակ մի վայր է դարձել: Փշրված, կոտրած ապակիներով շինություններում նախկինում տարբեր լաբորատորիաներ եւ գիտահետազոտական կաբինետներ են եղել: Ինստիտուտին պատկանող հսկայական հողային տարածքում, որտեղ նախկինում գիտաշխատողների կողմից մշակվող բերքտու այգիներ են եղել, այժմ ծառեր չկան:

Տիեզերք թռչելուց առաջ Գառնիում նախապատրաստական ուսումնական վարժանքներ ու դասընթացներ անցնող տիեզերագնացների հետ դեռ 60-ականներից աշխատած Աշոտ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում էր, որ այն մեծ գիտատեխնիկական աշխատանքը, որ Գառնիում է իրականացվել է ժամանակին, արդեն, ցավոք, անցյալում է:

Զաքարյանն ասում էր, այդ կենտրոնը ցանկության դեպքում հնարավոր է վերականգնել:

«Քանի դեռ մասնագետները կան եւ տեխնոլոգիաները դեռ մեր մտքում կա, կարելի է», - հույս հայտնեց Զաքարյանը:

Your browser doesn’t support HTML5

Հայ գիտնականները ավանդ են ունեցել տիեզերագիտության զարգացման մեջ