Պաշտոնյաները պարզաբանումներ են տալիս Կոնգոյի ավիաաղետի կապակցությամբ

Կոնգո - Փրկարարները օդանավի աղետի վայրում, 4-ը ապրիլի, 2011թ.

Վրաստանի պաշտոնյաները առաջին պարզաբանումներն են տվել երկուշաբթի օրը Կոնգոյում տեղի ունեցած` վրացական Airzena ավիաընկերության օդանավի աղետի պատճառների վերաբերյալ։
Օդանավը աղետի է ենթարկվել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում` վայրէջքի պահին ուժեղ բախվելով թռիչքուղուն:

ՄԱԿ-ի աշխատակիցների եւ խաղաղապահների տեղափոխող օդանավի անձնակազմի 4 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին, անձնակազմի հրամանատարը Ալեքսեյ Հովհաննիսյանն էր, տեխնիկի ազգանունը եւս հայկական է` Ալբերտ Մանուկյան կամ Մանուկով։

Օդանավի աղետից փրկվել է ուղեւորներից մեկը միայն, զոհվել է 32 մարդ, նրանք տարբեր երկրների, այդ թվում նաեւ Ռուսաստանի ու Ղազախստանի քաղաքացիներ էին։

Միակ փրկված ուղեւորը լրագրող է` Ֆրենսիս Մվամբան, ով հիվանդանոցում ինտենսիվ բուժում է ստանում։ Նա պատմել է, որ աղետից առաջ շատ ուժեղ քամի էր, ու օդանավը սկսել է կտրուկ շարժվել։ Մվամբան այլեւս ոչինչ չի հիշում, ուշքի է եկել հիվանդանոցում։

Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Կոնգոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ռոջեր Մեսեն ասել է, որ Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնելու պատմության մեջ սա ՄԱԿ-ի օդանավի առաջին աղետն է։ Նա ընդգծել է, որ հիմա օգտակար չէ շահարկել վթարի պատճառները, որոնք կարիք ունեն հետաքննության:

Airzena ավիաընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Նինո Գիորգոբիանին երեքշաբթի օրը Թբիլիսիում ասել է, թե վայրէջքի պահին օդանավը ուժեղ անձրեւի ու քամու տակ է ընկել, այդ պատճառով ուժեղ հարվածել է թռիչքուղուն, երկու մասի է բաժանվել եւ այրվել։

Նրա խոսքերով` աղետի պատճառը կարող են լինել միայն եղանակային վատ պայմանները, քանի որ օդանավը անսարքություն չի ունեցել։ «Մենք երեք տարի սպասարկում ենք ՄԱԿ-ի ծառայությունները, այդ օդանավը վերջին անգամ ստուգվել էր դեկտեմբերի 22-ին եւ ամբողջովին սարքին է եղել», - հայտարարել է ավիաընկերության մամուլի խոսնակը։

Երեքշաբթի օրը տված մամուլի ասուլիսում Վրաստանի աէրոնավիգացիայի ղեկավար, էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Կարբելաշվիլին հայտնել է, որ քննչական հատուկ խումբ է ձեւավորվել` ուսումնասիրելու համար աղետի պատճառները։

Կարբելաշվիլին նույնպես ասել է, որ աղետի պատճառը, ըստ եղած տեղեկատվության, եղանակային անբարենպաստ պայմաններն են, եւ նշել է, որ Կոնգոյի մայրաքաղաքի օդանավակայանը աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է։

Նրա խոսքերով` սխալ կլինի որպես աղետի պատճառ նշել անձանազմի անդամների երիտասարդ տարիքը, քանի որ բոլորը միջազգային սերտիֆիկատներ ունեին։

Մինչդեռ «Գրուզիա օնլայն» պարբերականը մեկ այլ վարկածի մասին է գրում, որ աղետի պատճառը կարող է լինել անսարքությունը։

Ըստ այս վարկածի` վերջին րոպեին համապատասխան սարքը ցույց է տվել, որ օդանավը գտնվում է 400 մետր բարձրության վրա, դա շփոթմունքի մեջ է գցել անձնակազմին, նրանք կտրուկ իջեցրել են օդանավը, բայց իրականում օդանավը գտնվել է գետնից մի քանի մետր բարձրության վրա, ու արդյունքում ուժեղ բախվել է գետնին ու կոտրվել։

Այս վարկածի աղբյուրը համարվում է անձնակազմի հրամանատարը, որը մահացել է հիվանդանոցում, գրում է «Գրուզիա օնլայն»-ը, ավելացնելով, որ Վրաստանի աէրոնավիգացիայի ու տրանսպորտի դեպարտամենտի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այս վարկածը` պատճառաբանելով, որ հատուկ հանձնաժողովը նոր է սկսել աղետի պատճառների հետաքննությունը։

«Արմավիա»-ն ցավակցություն է հայտնել օդանավի անձնակազմի անդամների ընտանիքներին եւ վրաց գործընկերներին։