«Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու ընտրություններին

Տիգրան Խզմալյան

Արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Սարդարապատ» շարժումը, ինչպես երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շարժման ներկայացուցիչ, կինեռեժիսոր Տիգրան Խզմալյանը, չի մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին:
Խզմալյանի խոսքով` մենք ապրում ենք «բռնապետությունում, որտեղ ընտրություններով երբեք ոչինչ չի փոխվում»:

Նրա համոզմամբ, ընտրությունների ընթացքում կարեւորը ոչ թե քվեարկությունն է, այլ ձայների հաշվարկը. - «Իսկ ինչպե՞ս են մեզ մոտ հաշվում մարդիկ, ովքեր հմտացել են խաղասրահներում, որոնց տերերն են հանդիսանում նույն մարդիկ` մեզ բոլորիս հայտնի է: Հաղթել կազինոյին անհնար է: Դա ակնհայտ է: Ընտրությունները մատնոցախաղ է, իսկ մատնոցախաղին մասնակցելը անիմաստ է… Մեր երկրի ու մեր երեխաների ապագան մատնոցախաղով որոշելը, դա առնվազն հանցագործություն է»:

Խզմալյանը ասաց նաեւ, որ «Սարդարապատ»-ը չի մասնակցելու նաեւ անցած շաբաթավերջից Ազատության հրապարակում մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ անցկացվող լուռ նստացույցին:

«Ինքս չեմ պատրաստվում մասնակցել այդ ուխտին, քանզի մենք` «Սարդարապատ» շարժման գործընկերներս, ես, մասնակցում էինք գիշերային այն վիգիլիաներին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այն առաջին օրերին, երբ կար վտանգ ոստիկանական ներխուժման: Իսկ հետո, երբ իրեն սկսեցին այցելել պաշտոնյաները, պարզ էր արդեն, որ վտանգ չկա եւ մեր կարիքը այնտեղ չէր զգացվում: Ուստի մենք երեւի չենք միանա, որովհետեւ լուռ երախտագիության կամ համերաշխության դրսեւորումները կարեւոր են, սակայն մենք դրանով արդեն չենք կարող բավարարվել», - փաստարկեց նա:

Որպես արվեստագետ, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» կինոստուդիայի տնօրեն` Խզմալյանը ասաց, որ այս օրերին չի կարողանում «ո'չ ֆիզիկապես, ո'չ հոգեպես» զբաղվել միայն արվեստով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է հայ ժամանակակից կինոն արտացոլում մեր իրականությունը, Խզմալյանը արձագանքեց. - «Կինոն այնպիսի հզոր զենք է, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որ այդ զենքը չկիրառվի»:

Դա էր պատճառը, նրա համոզմամբ, որ տարիների առաջ լուծարվեցին «Հայֆիլմ»-ը եւ «Երեւան» կինոստուդիան:

«Դա արված էր, որպեսզի Հայաստանում կինո չլինի, որովհետեւ կինոն դա գաղափարախոսություն է: Իսկ վերջին մեկուկես տասնամյակների ընթացքում… Հայաստանի հիմնական գաղափարախոսությունն էր գաղափարախոսության բացակայությունը», - հայտարարեց Խզմալյանը:

Ռեժիսորի համոզմամբ, հայ կինոն փորձում է գոյատեւել վավերագրական ֆիլմերի միջոցով: Վավերագրական ֆիլմերը, սակայն, մեր հեռուստաեթերով չեն ցուցադրվում, թեեւ դրանց մեջ շատ հետաքրքիր գործեր կան:

«Վավերագրական կինոներում շատ դժվար է ստել: Նյութը ավելի հզոր է, քան հեղինակը», - իր բացատրությունը ներկայացրեց Տիգրան Խզմալյանը:

Your browser doesn’t support HTML5

«Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու ընտրություններին