Մտավորականների լուռ նստացույց

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 2-ից մեկնարկել է մտավորականների ակցիան Ազատության հրապարակում, որի շրջանակում յուրաքանչյուր օր 3 մտավորական նստացույց է անելու:

«Սա ընդհանուր հասարակական արժեքների անկման վերաբերյալ մտահոգության խնդիր է», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետը, ով շաբաթ օրն արդեն իսկ մասնակցել է բողոքի ակցիային, ասաց, թե նստացույցին մասնակցողներին ինքը կատակով անվանում է «հասարակական բարոյական արժեքների պահակ»։

Նրա խոսքով, ակցիայի ընդհանուր նպատակն է ուշադրություն հրավիրել այն փաստին, որ հայաստանյան հասարակության մեջ կարեւորագույն արժեքները սկսել են չկարեւորվել, մինչդեռ «հակաարժեքները» կարեւորվում են եւ դառնում առաջնային:

«Այս ակցիան միայն մտավորականների խնդիր չէ: Մտածում ենք, որ ցանկացած մեկը, եթե այս մտահոգություններին համաձայն է, մեզ կարող է միանալ: Կարող է երկրի նախագահը մասնակից լինել, եթե ինքը կիսում է այդ տագնապները, վարչապետը մասնակից լինել: Դատավորները, ոստիկանները, քաղաքացիները», - նշեց ազգագրագետը` ընդգծելով. - «Գլխավոր ասելիքը այն է, որ, ժողովուրդ, մենք կորցնում ենք լավի ու վատի զգացողությունը, բարոյականի ու անբարոյականի զգացողությունը, ճշտի եւ սխալի զգացողությունը»:

Հրանուշ Խառատյանը նաեւ պարզաբանեց, որ ակցիան դասական իմաստով հացադուլ չէ, սակայն այն ժամերին, երբ մտավորականները նստած կլինեն Ազատության հրապարակում, նրանք ոչինչ չեն ուտում, ոչինչ չեն խոսում:

«Նաեւ լռության ուխտ է այդ ժամերի համար: Լռությունը տվյալ դեպքում բողոքի ձեւ է», - նշեց ազգագրագետը:

Մտավորականների ակցիան հաջորդում է Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ավելի քան երկու շաբաթ տեւած բողոքի ակցիային, որի ընթացքում «Ժառանգության» ղեկավարը հացադուլ էր հայտարարել։