Արգենտինայի դատարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ որոշում է ընդունել

Արգենտինա - Տեսարան մայրաքաղաք Բուենոս Այրեսից

Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն երեկ վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-23 թվականներին սպանելով մեկեւկես միլիոն հայերի»:

Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, ով ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:

Սա աշխարհում առաջին դատական որոշումն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ուր օգտագործվում է համաշխարհային իրավասությունը:

Թուրքիայի դեմ ցեղասպանության դատապարտումը պատժիչ բնույթ չունի, այն միայն դեկլարատիվ է, սակայն որոշումը կարեւոր նախադեպ է միջազգային ատյաններին դիմելու համար:

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, գոհունակություն հայտնելով դատարանի որոշման առնչությամբ, ասել է, որ Արգենտինայի արդարադատությունը, դատապարտելով պետական ահաբեկչությունները, պաշտպանել է ճշմարտության իրավունքը, ինչը թույլ է տալիս քանդել ճշմարտությանն ու արդարությանը հակասող քաղաքական շահերով կառուցված լռության պատը:

Թուրքիայի դեսպանությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից: