Շվեյցարիայի նախագահն այցելեց Ախուրյան եւ Գյումրի

Շվեյցարիայի նախագահն այցելել Ախուրյանի հրշեջ ծառայություն

Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյն այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ախուրյան եւ Գյումրի:

Այցի առաջին կանգառը Ախուրյանի հրշեջ ծառայությունն էր, որտեղ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները ուսումնավարժանք անցկացրին Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ կառուցված վարժահրապարակում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հետ շվեյցարական գործակալությունը համագործակցում է 2004 թվականից եւ մի շարք ծրագրեր է ֆինանսավորել, այդ թվում` փրկարարների ուսուցման եւ տեխնիկայի տրամադրման:

Միշլին Քալմի-Ռեյը ուսումնավարժանքը դիտելուց հետո այցելեց Գյումրիի հայ-շվեյցարական KASA հիմնադրամի գրասենյակ:

«Ես առաջին անգամ եմ այստեղ, անպայման ուզում էի այցելել Գյումրի, քանի որ իմ երկիրը` Շվեյցարիան, 88-ի երկրաշարժից ի վեր ներկա է այստեղ: Մենք բարեկամ երկրներ ենք եւ KASA-ի նման կազմակերպությունների ներկայությունը դրա վկայությունն է», - այցի ժամանակ հայտարարեց Քալմի-Ռեյը` հավելելով, թե Շվեյցարիան մտադիր է ավելի սերտացնել կապերն ու զարգացնել երկուստեք համագործակցությունը Հայաստանի հետ:

Միշլին Քալմի-Ռեյը շրջայց կատարեց նաեւ Գյումրիի կենտրոնում: Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ բացված խաչքարերի պուրակում Շվեյցարիայի նախագահը հնարավորություն ունեցավ տեսնել Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները:

Your browser doesn’t support HTML5

Շվեյցարիայի նախագահն այցելեց Ախուրյան եւ Գյումրի