Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել գեղասահքի Գրան պրիի մրցաշարերից մեկում։
Նոյեմբերի 28-ին Տոկիոյում անցկացված NHK Trophy մրցաշարում հայաստանյան զույգը երկու ծրագրերի հանրագումարով վաստակել է 178,39 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Առաջին տեղը զբաղեցրել են Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն և Նիկիտա Վոլոդինը, երկրորդը՝ ճապոնացի Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուտին։
Ակոպովան և Ռախմանինը պատմական արդյունք էին գրանցել նաև այս տարվա մարտին Պրահայում անցկացված աշխարհի առաջնությունում՝ 190,46 միավորով զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
Դա Հայաստանի գեղասահքի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ երկիրը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել էր աշխարհի առաջնության լավագույն տասնյակում։
Այդ արդյունքով զույգը Հայաստանի համար ապահովել էր հաջորդ աշխարհի առաջնությունում ևս մեկ սպորտային զույգի մասնակցության հնարավորություն, ինչպես նաև Գրան պրիի երկու ուղեգիր։