Ռուսական ուժերը գիշերը անօդաչուներով հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների։ Օդեսայում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում։ Նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ տարեց կին, կան վիրավորներ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերն արձակել է 140 անօդաչու, որոնցից 101-ը հաջողվել է խոցել։
Նոյեմբերի 28-ի երեկոյան հարվածների են ենթարկվել նաև Կիևն ու Զապորոժիեն։ Կիևում մեկ կին է զոհվել, ևս չորս մարդ՝ վիրավորվել, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։ Անօդաչուի բեկորներ են ընկել մանկապարտեզի տարածքում, ավերվել է նաև վարչական շենք։
Զապորոժիեում կառավարվող ավիառումբերով հարվածներից տուժել են բնակելի թաղամասերը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ մեկ կին զոհվել է, կան վիրավորներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե Օդեսայում ոչնչացրել է լոգիստիկ կենտրոն, Կրեմենչուգում հարվածել է զինամթերքի արտադրության համար օգտագործվող գործարանի, իսկ Զապորոժիեում՝ կամրջի։