Փաշինյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հեռանկարները։

Նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, կառավարության անդամներ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից և Ֆինլանդիայից։

Մինչ նիստը Փաշինյանն ու Խուդաթյանը հանդիպել են խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարի հետ։ Քննարկվել են գործող ատոմակայանի անվտանգ շահագործման, ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունները։

Կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը շարունակում է ուսումնասիրել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման տարբերակները։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը վերանայում է փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու իր նախկին դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի պայմաններում փոքր մոդուլային ռեակտորի հզորությունը, ամենայն հավանականությամբ, բավարար չի լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մոդուլային ատոմակայանը, ամենայն հավանականությամբ, մեզ չի հետաքրքրելու». կառավարությունը փոխում է դիրքորոշումը

Փաշինյանը չէր բացառել, որ ամենատրամաբանական տարբերակը կարող է լինել 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանի կառուցումը։ Նման առաջարկ հայկական կողմին ներկայացրել էր նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։