Սամվել Կարապետյանի նոր քրեական գործը հարուցվել է դեռ հունվարին, բայց 10 ամիս սպասել են հարմար պահի․ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ հունվարին, սակայն իրավապահները տասը ամիս սպասել են նրան կրկին կալանավորելու հարմար պահի, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«2026 թվականի սկզբից հարուցում են մի գործ, անունը դնենք պայմանական՝ ՀԷՑ-ին վերաբերող քրեական գործ, ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, և դրան պետք է ինչ-որ բան հաջորդի՝ կալանք», - ասել է Վարդևանյանը։

Նա պնդել է, որ Սամվել Կարապետյանն ազատությունից զրկված է առանց իրավական հիմքի՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները որակելով ժողովրդավարության հետընթաց։

Քննչական կոմիտեն Կարապետյանին մեղադրում է 2016-2024 թվականներին կազմակերպված եղանակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64,5 միլիարդ դրամի՝ շուրջ 180 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանը նորից ձերբակալված է. ինչ է հայտնի նոր քրեական գործից և ինչ է սպասվում նրա մերձավորներին

Ըստ քննիչների՝ ՀԷՑ-ի ղեկավարներն առանց իրական անհրաժեշտության խոշոր վարկեր են ներգրավել, ապա այդ միջոցները շահաբաժինների, փոխառությունների և կանխավճարների տեսքով փոխանցել ընկերության բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ»-ին և «Տաշիր Կապիտալ»-ին։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Կարապետյանը կազմակերպել է այդ գումարների հափշտակությունն ու դրանց հանցավոր ծագման քողարկումը։

Այս գործով, բացի Կարապետյանից, ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Վարդևանյանը հերքել է Կարապետյանի առնչությունը ենթադրյալ չարաշահումներին՝ հայտարարելով, որ ՀԷՑ-ը 2015 թվականին սնանկացման եզրին էր, իսկ Կարապետյանի սեփականատիրության ընթացքում ընկերությունում շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։

Կարապետյանը մեղքը չի ընդունում ո՛չ այս, ո՛չ էլ դատարանում քննվող մյուս գործով, որով նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացման, 8,5 միլիարդ դրամի հափշտակության և հարկերից խուսափելու հոդվածներով։