Մասիսի առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխանության միակ մրցակից ուժի թեկնածուն՝ Դավիթ Համբարձումյանն ազատազրկման դատապարտվեց:
Վճռաբեկ դատարանն օրինական ուժ տվեց առաջին ատյանի որոշմանը, որով Համբարձումյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Հաշվի առնելով նախկինում կրած կալանքը՝ Համբարձումյանի նկատմամբ 5 տարի, 4 ամսվա պատժաչափ է կիրառվել:
Վճռաբեկը վերջին դատական ատյանն է, և որոշումն այսօրվանից ուժ մեջ է: Համաձայն Հայաստանի Սահմանադրության՝ ծանր և այլ հանցանքների համար ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք ընտրվելու իրավունք չունեն:
Նախքան դատարանի վերջնական որոշումը Դավիթ Համբարձումյանն այսօր լրագրողներին ասել էր, որ իր առաջնորդած ընդդիմադիր «Կառուցող» կշարունակի ընտրապայքարը: Ավելի ուշ էլ տեսաուղերձ հրապարակեց՝ նշելով. - «Դաշինքը շարունակելու է պայքարը Նորայր Հակոբյանի (Մասիսի գործող քաղաքապետը և դաշինքը 2-րդ համար) գլխավորությամբ: Էդ հանցանքը ես չեմ գործել, նման կեղտոտ մեթոդով փորձել գողանալ մասիսցու քվեն, վստահ եմ, չի ստացվելու: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակում ենք առաջ գնալ հստակ քայլերով»:
Համբարձումյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի անդամ է: 2021-ի ընտրություններում հաղթել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, բայց անցած տարի նրա կալանավորուից հետո ավագանին նրա թիմակից Նորայր Հակոբյանին ընտրեց քաղաքապետի պաշտոնում:
Ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունն արձագանքել է Մասիսի համայնքապետի թեկնածուին ազատազրկելու որոշմանը: «Երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգն այսօր հլու-հնազանդության հերթական հակառեկորդը սահմանեց», - հայտարարել է ՀՀԿ-ն:
Սերժ Սարգսյանի կուսակցությունը պատահական չի համարել Համբարձումյանի քրեական գործի ժամանակագրությունը:
«Մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին, նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։ Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը», - հայտարարում է ՀՀԿ-ն՝ պնդելով, որ ընդդիմության թեկնածուին դատական ակտով ընտրվելու իրավունքից զրկելն «ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և հարցականի տակ է դնում Մասիսի ընտրությունների լեգիտիմությունը»:
Ինչի համար մեղավոր ճանաչվեց ընդդիմադիր թեկնածուն
«Կառուցող» դաշինքի թեկնածուն մեղավոր ճանաչվեց 8 տարվա վաղեմության՝ 2018 թվականին հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով խուլիգանություն կատարելու համար:
Համբարձումյանն այս որոշումը բողոքարկել էր, Վերաքննիչն էլ բողոքը մասնակի բավարարել ու որոշել էր՝ զենքով խուլիգանություն կատարելու մեղադրանքի համար բավարար ապացույցներ չկան: Գլխավոր դատախազությունն էլ սա էր բողոքարկել, և փաստորեն Վճռաբեկը բավարարեց մեղադրող կողմի բողոքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դավիթ Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվեցՀամբարձումյանի փաստաբանները երեկվանից պնդում էին, որ այս ատյանը «կայծակնային» արագությամբ է գործում, որպեսզի «չեզոքացվի Համբարձումյանի մասնակցությունը դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին»:
Օրերս Համբարձումյանը «Ազատությանն» ասել էր, թե այս ընտրություններից առաջ Փաշինյանի թիմից իրեն առաջարկել են համագործակցել, ինքն էլ մերժել է: Իշխանության թեկնածուն պնդել էր, որ ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի հետ համագործակցելու մասին ոչինչ չի լսել, տեղյակ չէ:
ՔՊ-ի թեկնածուն ևս քրեական գործով է անցնում
Մասիսում իշխող ՔՊ թեկնածուն Հովհաննես Հակոբյանն է՝ տեղի անձնագրայինի պետը: Նա էլ անցնում է ապօրինի գույքի բռնագանձման ու նախընտրական շրջանում կաշառք խոստանալու գործով:
Դեռ քարոզարշավը չսկսած՝ Հակոբյանը սկսել էր ընտրողների հետ հանդիպումները: Դրանցից մեկի ժամանակ անչափահաս մի տղա դրվատել ու հորդորել էր նրան ընտրել, թեկնածուն էլ խոստացել էր հեռախոս նվիրել: Իշխանական թեկնածուն օրերս «Ազատությանն» ասել էր՝ քրեական գործի հարուցումից հետո իրեն հարցաքննության չեն կանչել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հեռախոսի խոստում երեխային․ ըստ փաստաբանի՝ ՔՊ-ի թեկնածուն Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է գործումՀակոբյանի հայրը՝ Սաշա Հակոբյանը, մի քանի անգամ Մասիսի քաղաքապետն է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Հայրն ու փոխկապակցված անձինք, այդ թվում համայնքապետի թեկնածու որդին անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով: Գլխավոր դատախազությունը Հակոբյաններից մի քանի հարյուր միլիոն դրամ արժողությամբ ապօրինի գնահատված գույք է պահանջում վերադարձնել: Գործը Հակակոռուպցիոն դատարանում դեռ քննվում է:
Իշխանության թեկնածուի հայրը նաև քրեական գործով է անցնում, մեղադրվում է պաշտոնավարման տարիներին իրեն վստահված գույքի հափշտակության համար: Ըստ իրավապահների՝ իշխանական լիազորությունները, ազդեցությունն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այդ գործի քննությունը ևս շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում, Սաշա Հակոբյանին արգելել են երկրից դուրս գալ: