Վրաստանի Բաթում քաղաքում թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ֆուտբոլային ակումբների հանդիպումն ուղեկցվել է երկրպագուների և ոստիկանների բախումներով։ Միջադեպերի հետևանքով երեք ոստիկան է տուժել, 16 մարդ՝ ձերբակալվել, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հանդիպումից առաջ «Բեշիքթաշի» երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել Բաթումի փողոցներում, ապա շարունակվել մարզադաշտում։ Հանդիպումը որոշ ժամանակով ընդհատվել է։
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ թուրքական ակումբի երկրպագուներից մի քանիսը փողոցներում տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, չեն ենթարկվել նրանց պահանջներին և ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել։ Գերատեսչության պնդմամբ՝ մարզադաշտում նրանք վնասել են նստարաններն ու դրանք նետել իրավապահների ուղղությամբ։
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել երկրպագուների դեմ։
Միջադեպը քաղաքական արձագանք է ստացել Թուրքիայում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը քննադատել է վրացի ոստիկանների գործողությունները՝ անընդունելի համարելով, իր խոսքով, Պաղեստինի դրոշը պարզելու համար թուրք երկրպագուների նկատմամբ ուժի կիրառումը։
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է այս պնդումը՝ հայտարարելով, որ բախումները սկսվել են դեռ մինչև մարզադաշտում պաղեստինյան դրոշների և պաստառների հայտնվելը։
Միջադեպերի շուրջ հեռախոսազրույցներ են ունեցել նաև Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարները։
Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր անցկացնել Ստամբուլում, սակայն Թուրքիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով հրաժարվել էին այն հյուրընկալելուց։ ՈՒԵՖԱ-ն որոշել էր խաղն անցկացնել չեզոք դաշտում՝ Բաթումում։