Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն դատարանի առաջ կկանգնի դերասանուհի Շառլոտ Առնուլդին 2018 թվականին բռնաբարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է դերասանի փաստաբան Դավիդ-Օլիվյե Կամինսկին։
Առնուլդի պնդմամբ՝ 2018 թվականի օգոստոսին Դեպարդյեն Փարիզի իր տանը երկու անգամ բռնաբարել է իրեն։ Այդ ժամանակ դերասանուհին 22 տարեկան էր։ Դեպարդյեն հերքում է մեղադրանքը։
Գործով քննությունը շարունակվել է մի քանի տարի։ 2025 թվականի օգոստոսին քննիչ դատավորը որոշել էր դերասանին դատել բռնաբարության մեղադրանքով։ Դեպարդյեն բողոքարկել էր այդ որոշումը։
Այս ամիս ավելի վաղ Դեպարդյեն հրաժարվել էր բողոքարկել 2025 թվականին սեռական ոտնձգությունների համար իր նկատմամբ կայացված դատավճիռը՝ ընդունելով մեղքը և ներողություն խնդրելով տուժածներից։
Այդ հայտարարության մեջ Դեպարդյեն նշել էր, որ նկարահանումների հրապարակում հաճախ է օգտագործել «գռեհիկ, սեռական ենթատեքստով հումոր» և այժմ գիտակցում է, որ «կատակելու և վիրավորելու միջև սահման կա»։