ԵՄ-ն քննարկում է հաջորդ բյուջեն. տարաձայնություններ կան նաև Ուկրաինային աջակցելու շուրջ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լaյենը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, 26-ը նոյեմբերի, 2026

ԵՄ անդամ երկրները երեկվանից քննարկում են հաջորդ յոթ տարվա բյուջեի նախագիծը, որում ներառված է նաև Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը: Սակայն տարաձայնություններ կան ինչպես բյուջեի, այնպես էլ Ուկրաինային հատկացվելիք օգնության շուրջ:

Նախագծի հաստատման համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն բոլոր 27 անդամ երկրները: Սակայն չորսը՝ Հունգարիան, Սլովակիան, Բուլղարիան և Չեխիան պահանջում են հրաժարվել ուկրաինական փաթեթը համատեղ ֆինանսավորելուց և սպառնում են վետո կիրառել:

Գերմանիայի պայմանը

Դաշինքի տնտեսական լոկոմոտիվը համարվող Գերմանիան, սակայն, հստակ պայման է դրել՝ բյուջեի նախագծի կողմ կքվեարկի, եթե դաշինքը համաձայնի Ուկրաինային 45 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ ԵՄ-ն պետք է ապահովի, որ Ուկրաինան առաջիկա տարիներին բավարար աջակցություն ստանա։

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիոu Կոշտան և Եվրոգռուպի նախագահ Կիրիակոս Պիերրակիսը ԵՄ հատուկ գագաթնաժողովին, 26-ը նոյեմբերի, 2026թ.

«Խոսքը թե՛ ռազմական, թե՛ հումանիտար օգնության մասին է ... Մենք պետք է օգնենք այս երկրին հաղթահարել շատ դժվար ձմեռը։ Բայց պետք է նաև աջակցենք Ուկրաինայի վերականգնմանը։ Եվ այս ամենը խնդիր է, որը մենք պետք է համատեղ լուծենք Եվրամիության շրջանակում»,- ասել է կանցլերը։

Այլ տարաձայնություններ

Տարաձայնություններից մեկը վերաբերում է ծախսերի կրճատմանն ու ներդրումային առաջնահերթություններին: Ավելի հարուստ երկրները, որոնք ավելի շատ գումար են վճարում ընդհանուր բյուջե, քան ստանում են, կոչ են անում սահմանափակել ծախսերը և սահմանել անդամ երկրների վճարումների առավելագույն չափ։ Մինչդեռ ավելի աղքատ անդամները, որոնք մեծապես կախված են ԵՄ բյուջեից, ցանկանում են պահպանել գործող նախագծերն ու սուբսիդիաները։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան առաջարկել է մոտ 2 տրիլիոն եվրոյանոց բյուջեի նախագիծը կրճատել 204 միլիարդով, որպեսզի վերացնեն տարաձայնությունները ավելի խնայողական մոտեցում ունեցող անդամների միջև:

Եվրոպական խորհրդարանը մինչդեռ դեմ է այս կրճատումներին՝ պնդելով, որ դրանք կխոչընդոտեն գլխավոր առաջնահերթությունների իրականացմանը, ինչպիսիք են պաշտպանությունը, արդյունաբերական մրցունակությունը, գյուղատնտեսական սուբսիդիաները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, մինչ առաջնորդները հավաքվում են ԵՄ հատուկ գագաթնաժողովին, 26-ը նոյեմբերի, 2026թ.

Կոշտան այսօրվա քննարկումից առաջ ասել է, թե իր նպատակն է հասնել նրան, որ երկրները համաձայնեն երեք հիմնական հարցերի շուրջ։

«Առաջինը բյուջեի ընդհանուր ծավալն է։ Երկրորդը ֆինանսավորման բաշխումը տարբեր առաջնահերթությունների միջև։ Եվ երրորդը սեփական եկամտի նոր աղբյուրների հավասարակշռված ու արդյունավետ փաթեթի շուրջ համաձայնության գալը, որպեսզի անդամ երկրների ազգային վճարները մնան ողջամիտ մակարդակում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Բուլղարիան ռազմական օգնություն չի տրամադրի

Բուլղարիայի վարչապետն ասել է, թե շատ հստակ է, որ Ուկրաինային հատկացվելիք 45 միլիարդի վարկը պետք է բաժանվի երկու մասի՝ 25 միլիարդը որպես ռազմական աջակցություն, իսկ մնացած 20-ը՝ ոչ ռազմական։ Ռումեն Ռադևն ասել է, որ Բուլղարիան կօգնի Ուկրաինային, բայց ոչ ռազմական ոլորտում:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Եվրամիության հատուկ գագաթնաժողովից առաջ, 26-ը նոյեմբերի, 2026թ.

«Բուլղարիան կմասնակցի Ուկրաինային ոչ ռազմական աջակցության նպատակով տրամադրվող 20 միլիարդ եվրոյի վարկի ֆինանսավորմանը։ Ուկրաինայում բուլղարական մեծ սփյուռք է ապրում՝ շուրջ 300 հազար մարդ։ Մենք ցանկանում ենք և պահանջում ենք, որ մեր աջակցությունը կենտրոնացվի Ուկրաինայի այն շրջաններում, որտեղ բնակվում է բուլղարական համայնքը»,- նշել է Բուլղարիայի վարչապետը։

Ուժեղացնել պաշտպանությունն ու աջակցել Ուկրաինային

Էստոնիայի վարչապետն ասել է, որ Ռուսաստանն ուժեղացնում է հիբրիդային հարձակումները Մերձբալթյան տարածաշրջանում, հետևաբար պետք է ավելացնեն ներդրումները պաշտպանության ոլորտում։ Էստոնիան, Քրիստեն Միխալի խոսքով, արդեն իր ՀՆԱ-ի մոտ 7%-ն ուղղում է պաշտպանությանը։ «Դա մեծ բեռ է մեր տնտեսության համար, և Եվրոպան նաև դա պետք է հաշվի առնի»,- ասել է նա։

Լատվիայի վարչապետն էլ ասել է, որ ԵՄ բյուջեն պետք է հնարավորինս շուտ հաստատվի, քանզի դա կարևոր է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության համար: Անդրիս Կուլբերգսը, սակայն, նշել է, որ պետք է դրան զուգահեռ պաշտպանել Եվրոպայի հիմնարար արժեքները՝ անհավասարության վերացումն ու ազատ առևտրի խթանումը։ «Եվ հենց այս հարցում է, որ մենք տարաձայնություններ ունենք այս բյուջեի շուրջ»,- ասել է նա։