Նյու Յորքում եղանակային ծայրահեղ պայմանների վտանգի պատճառով Մեյսիի (Macy’s)՝ Գոհաբանության օրվան (Thanksgiving) նվիրված հանրահայտ շքերթը տեղափոխվել է շաբաթ։ Սա շքերթի 100-ամյա պատմության մեջ առաջին նման դեպքն է։
ԱՄՆ-ի արևելյան ափին ձևավորվող հզոր փոթորիկը սպառնում է խաթարել նաև միլիոնավոր մարդկանց տոնական ուղևորությունները։ Գոհաբանության օրը երկրում ճանապարհորդությունների ամենածանրաբեռնված ժամանակահատվածներից մեկն է։
Շքերթի ընթացքում գունավոր հսկա փուչիկները Մանհեթենի կենտրոնով անցնում են շուրջ չորս կիլոմետր՝ հասնելով Մեյսիի գլխավոր հանրախանութին՝ 34-րդ փողոցում գտնվող Herald Square-ում։
Ավելի վաղ ամերիկյան The New York Times պարբերականը հայկական ավանդական ղափաման առաջարկել էր որպես Գոհաբանության տոնի սեղանի գլխավոր ուտեստներից մեկը՝ հրապարակելով դրա հիման վրա մշակված բաղադրատոմսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
The New York Times-ը Գոհաբանության տոնին առաջարկում է հայկական ղափամա պատրաստելՇքերթը չեղարկվել էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942, 1943 և 1944 թվականներին, սակայն երբևէ չէր հետաձգվել։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել էր, որ սպասվում է հզոր փոթորիկ։ Քաղաքային իշխանությունների զգուշացմամբ՝ քամին կարող է կոտրել ծառերի ճյուղերն ու վնասել էլեկտրահաղորդման գծերը։
Շքերթի կազմակերպիչները հիշեցրել են նաև 1997 թվականի միջադեպը, երբ ուժեղ քամիների հետևանքով հսկա փուչիկները դուրս էին եկել վերահսկողությունից։ «Գլխարկավոր կատու» (Cat in the Hat) կերպարի փուչիկը տապալել էր փողոցային լամպը՝ վնասելով անցորդներից մեկին։ «Բարնի» դինոզավրի փուչիկը նույնպես անկառավարելի էր դարձել, իսկ «Վարդագույն հովազի» փուչիկը պայթել էր՝ վարդագույն ռետինի կտորներ սփռելով մարդկանց վրա։
Ամեն տարի միջոցառմանը հետևելու համար հավաքվում են միլիոնավոր մարդիկ։