Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությանը։
Հրդեհը բռնկվել է վթարի հետևանքով, որին մասնակցել է վառելիք տեղափոխող բեռնատարը։ Փրկարարական աշխատանքներում ներգրավվել է շտապօգնության 39 մեքենա, հայտնել են նախարարությունից։
Գերատեսչության ղեկավար Խալեդ Աբդել Գաֆարը հանձնարարել է բարձրացնել հրդեհի վայրի մերձակայքում գտնվող հիվանդանոցների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև այցելել է հոսպիտալացված տուժածներին։
Մարդիկ հավաքվել են Կահիրեի գլխավոր օղակաձև ճանապարհին նավթամթերք տեղափոխող մեքենայի շրջվելու և հրդեհվելու վայրում, 25-ը նոյեմբերի 2026թ.
Վթարի պատճառն անհայտ է
Վթարը տեղի է ունեցել Կահիրեի շուրջը ձգվող օղակաձև ավտոճանապարհին, որը մայրաքաղաքի կարևորագույն մայրուղիներից է։ Հրդեհից առաջ բեռնատարը «զիգզագաձև» շարժվել է երթևեկության գոտիներով, ապա բախվել հանդիպակաց հոսքերը բաժանող արգելապատնեշին։ Դրանից հետո պայթյուն է որոտացել, և կրակն արագ տարածվել է հարևան մեքենաների վրա, Cairo24 կայքին պատմել է ականատեսներից մեկը։
Մարդիկ հավաքվել են Կահիրեի գլխավոր օղակաձև ճանապարհին նավթամթերք տեղափոխող մեքենայի շրջվելու և հրդեհվելու վայրում, 25-ը նոյեմբերի 2026թ.
Եգիպտոսի իշխանական Al-Ahram թերթը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ բեռնատարը կտրուկ փոխել է շարժման ուղղությունը, քանի որ մեքենայի առաջ ընկել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի մալուխը: Արդյունքում, ըստ թերթի, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Թերթի փոխանցմամբ՝ պայթյունից առաջ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և շրջվել։
Դատախազությունը հետաքննություն է անցկացնում
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և նրա կինը՝ Ինտիսարը ցավակցություն են հայտնել զոհերի հարազատներին: Երկրի ղեկավարը նաև հանձնարարել է օգնություն ցուցաբերել տուժածներին և զոհվածների ընտանիքներին։
Մարդիկ հավաքվել են Կահիրեի գլխավոր օղակաձև ճանապարհին նավթամթերք տեղափոխող մեքենայի շրջվելու և հրդեհվելու վայրում, 25-ը նոյեմբերի 2026թ.
Երկրի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է վթարի պատճառները։ Դատախազությունում նաև ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել՝ բոլոր զոհվածների ինքնությունը պարզելու համար։
Egypt Independent թերթը հայտնել է, որ վթարի պատճառ դարձած բեռնատարը պատկանել է վառելիքի փոխադրմամբ զբաղվող մասնավոր կապալառուի, ոչ թե Նավթի և բնական պաշարների նախարարությանը, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Միևնույն ժամանակ, Egypt Today ամսագիրը նշում է, որ բեռնատարը գազ էր տեղափոխում։