Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է Դատավորների միության երեկվա հայտարարությունը, որը ժամեր առաջ դատապարտել էր նոր Սահմանադրության նախագծում դատական իշխանության վերաբերյալ դրույթները:
«Հայտարարությունը թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև վերջապես նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը՝ պնդելով, թե Փաշինյանի շուրջ «օղակը սեղմվում է»:
Նոր Սահմանադրության նախագծում իշխանությունն առաջարկում է ժամանակավոր դարձնել Հայաստանի 300-ից ավելի դատավորներին և հինգ տարվա ընթացքում վերագնահատել նրանց մասնագիտական կարողությունները, բարեվարքությունն ու եկամուտների օրինականությունը: Դատավորներին գնահատելու է Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ հոգանոց հանձնաժողովը, որի եզրակացությունները դատական կարգով հնարավոր չի լինի վիճարկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դատավորների միությունը քննադատում է Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանության դրույթներըԴատավորները համարում են, որ այս դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա:
«Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ», - հայտարարել էր Դատավորների միությունը՝ կոչ անելով Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորի, պահանջել շրջանառությունից հանել դատական իշխանության մասին Սահմանադրության նախգծի դրույթները: