Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծն ու դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Քննարկումը նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։ Դրան մասնակցում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, արդարադատության նախարարի տեղակալը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարար Սրբուհի Գալյանը բացակայում է առողջական խնդիրների պատճառով։
Քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել օրենքով իր կառույցին վերապահվող նոր լիազորությունները, եթե ապահովվեն միջազգային չափանիշները։
Կառավարության հավանությանն արժանացած նախագծով Մարդու իրավունքների պաշտպանը հնարավորություն կունենա խտրականության ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ դիմել դատարան, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ հաշտարարություն իրականացնել բողոք ներկայացրած անձի և ենթադրյալ խտրականություն գործադրած կազմակերպության միջև։
Նախագծով նախատեսվում է նաև ՄԻՊ աշխատակազմում ստեղծել խտրականության հարցերով առանձին ստորաբաժանում՝ յոթ նոր հաստիքով։ Դրա գործունեության համար պետական բյուջեից տարեկան կպահանջվի շուրջ 38,7 միլիոն դրամ։
Հոկտեմբերի 15-ին կառավարությունը հավանություն էր տվել օրենսդրական փաթեթին, որը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 20-ին։ Այսօրվա քննարկման նպատակն է լսել տարբեր կողմերի առաջարկություններն ու լրամշակել նախագիծը։