Իրանը քիմիական զենք է մշակում, Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հնարավոր հարձակման. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսրայել Կացը

Իրանի դեմ այս տարի ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններից հետո Թեհրանը ներկայումս քիմիական զենք է մշակում, իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հնարավոր հարձակման, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսրայել Կացը։

Ինչպես տեղեկացնում է Тimes of Israel թերթը, նա նաև նշել է, որ թեև 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո Իրանը չի վերսկսել իր միջուկային ծրագիրը, «կան նշաններ, որ փորձում է դա անել»։

Թել Ավիվի իր գրասենյակում իսրայելցի լրագրողների հետ զրույցում Կացն ասել է, որ Իրանը «քիմիական զենք է մշակում», թեև չի հստակեցրել, թե որքան է առաջընթաց գրանցել ենթադրյալ ծրագիրը և որտեղ են այդ աշխատանքներն իրականացվում։

«Իսրայելը թույլ չի տա Իրանին քիմիական զենք ձեռք բերել»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարվա հրադադարից հետո իրանցիները «դուրս եկան թունելներից և տեսան, թե ինչ է պատահել իրենց հետ»։ «Նրանք ձգտում են զենք ստեղծել, որը թույլ կտա որոշակի հավասարակշռություն ստեղծել մեր դեմ»,- ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պատրաստ է «2 ժամում» բացել Հորմուզը, նաև պատասխանել «ցանկացած սպառնալիքի»

Ըստ լրատվամիջոցների՝ այս ամսվա սկզբին Իսրայելը ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների հետ հետախուզական տվյալներ է փոխանակել այն մասին, որ Իրանը դիտարկում է նրանց դեմ քիմիական զենք կիրառելու հնարավորությունը։

Kan հանրային հեռարձակողն իր հերթին հայտնել է, որ Իսրայելն ավելի քան մեկ տասնամյակ տեղյակ է եղել Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին։ Kan-ի հաղորդմամբ՝ քիմիական զենքի ծրագրին վերաբերող նյութեր են հայտնաբերվել 2018 թվականին Իսրայելի կողմից առգրավված իրանական միջուկային արխիվի որոշ փաստաթղթերում, սակայն դրանք չեն առգրավվել միջուկային ծրագրին ավելի անմիջականորեն վերաբերող մյուս փաստաթղթերի հետ միասին։

Իրանը հերքում է քիմիական զենք մշակելու մասին պնդումները։ Երկրի Արտաքին գործերի նախարարությանը խոսնակ Էսմայիլ Բաղային նման տեղեկություններն անվանել է «կեղծիք» և մեղադրել ԱՄՆ-ին երկարատև պատերազմ սկսելու համար անհիմն հիմնավորումներ ստեղծելու մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի՝ Վաշինգտոնին նոր պատերազմի մեջ ներքաշելու փորձերը բարդացնում են դիվանագիտական գործընթացը. Արաղչի

Կացի նախազգուշացումը հնչել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Իսրայելում Իրանից բխող սպառնալիքի հրատապության և այս հարցի շուրջ ծավալված թեժ քննարկումների ֆոնին, թե արդյոք դաշնակիցները պետք է երրորդ անգամ համատեղ պատերազմ սկսեն Իրանի դեմ, գրում է Тimes of Israel-ը։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Մոսադի» հետախուզական ծառայության վերլուծաբանները վերջին քննարկումների ընթացքում եզրակացրել են, որ ռազմական գործողությունների անհապաղ անհրաժեշտություն չկա։ Այդուհանդերձ, հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանը, որը նախկինում եղել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի ռազմական քարտուղարը, Իրանին նոր հարվածներ հասցնելու օգտին է արտահայտվում։

Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը նույնպես հայտարարել է, որ Իրանին հարվածելու հարցում շտապողականություն չկա։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաև «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը, որը ևս նախկինում զբաղեցրել է Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը և ընտրություններից հետո հիմա բանակցությունների մեջ է կոալիցիոն կառավարություն կազմելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնել է, որ Հորմուզում 3 նավթատար է պայթել ականների վրա

Նեթանյահուն ի պատասխան մեղադրել է իր քաղաքական մրցակիցներին քաղաքական դրդապատճառներով Իսրայելին սպառնացող վտանգները «նվազեցնելու» մեջ՝ Իրանից բխող սպառնալիքը բնութագրելով որպես անմիջական և լուրջ։

Կացն ասել է, որ կգործեն, երբ հանգեն եզրակացության, որ պետք է գործել: «Դա քաղաքական նկատառումներով պայմանավորված չի լինի»,- ասել է նա։

Չնայած տեղեկություններին, որ Գլխավոր շտաբի պետ Զամիրը դեմ է արտահայտվել անհապաղ հարվածներ հասցնելուն, Կացը պնդել է, որ իր «վարչապետի և գլխավոր շտաբի պետի միջև որևէ տարաձայնություն բացարձակապես չկա»։

Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը «պատրաստվում են համատեղ հարձակման»։ «Ծրագրերն արդեն պատրաստ են։ Որոշումը կկայացնի [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը»,- ասել է Կացը։

Այս շաբաթվա սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հակված է Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսել, եթե մինչև նոր տարի համաձայնություն ձեռք չբերվի։

Կացն ընդգծել է, որ Իսրայելի նախընտրությունն է՝ «իհարկե, հարձակվել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հետ համատեղ»։ Նրա խոսքով՝ Իսրայելը որոշ ժամանակ է՝ մտահոգված է քիմիական զենքի սպառնալիքով, սակայն քանի որ այդ հարցը վերջերս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, ինքը որոշել է անձամբ անդրադառնալ դրան։