Ուկրաինական հարձակումից հետո Լիբիայի ռուսական ավիաբազայում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է հայտնվել

Լիբիայի Բենգազի նավահանգստում ռուսական նավերի դեմ ուկրաինական հարձակումից մեկ օր անց ռուսական ուժերի օգտագործած Ալ-Խադիմ ավիաբազայում Ան-124 «Ռուսլան» խոշոր ռազմատրանսպորտային ինքնաթիռ է հայտնվել, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբիայի ափերի մոտ մեկ օրում 2 նավ է հարձակման ենթարկվել

Նոյեմբերի 23-ին նույն ավիաբազա է ժամանել նաև ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռը։ Թե ինչ նպատակով են դրանք տեղափոխվել Լիբիա, հայտնի չէ։

Նոյեմբերի 22-ին Ուկրաինան ծովային անօդաչուներով հարվածել էր Բենգազիում գտնվող ռուսական նավերին։ Ըստ ուկրաինական կողմի՝ խորտակվել է «Մերկուրի» ռազմանավը, իսկ «Անգարա» բեռնանավը լուրջ վնասվել է։

Լիբիայի իշխանությունները դատապարտել են հարձակումը, մինչդեռ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան այն որակել է օրինական ինքնապաշտպանություն՝ պնդելով, որ ռազմական տեխնիկա տեղափոխող ռուսական նավերն օրինական թիրախներ են։